Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով. Քերոբյան

Մարտ 10,2022 15:00

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 9-ից երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Կատարի գործընկեր նախարարների և այլ պաշտոնյաների հետ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները և մասնակցելու Կատարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը կներկայանա իր ազգային տաղավարով։

Մարտի 9-ին Վահան Քերոբյանի առաջին հանդիպումը եղել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները, փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։

Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, մասնավորապես անդրադառնալով հանքարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, ներդրումային միջավայրին և Հայաստանի ներդրումային հնարավորություններին։ Նախարարը ներկայացրել է նաև կառավարության կողմից հաստատված Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը և առաջարկել դիտարկել Կատարից պարարտանյութերի մատակարարման և այդ ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու տարբերակը։

Վահան Քերոբյանն առաջարկել է քննարկել նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում Կատարի ներդրումային ընկերությունների հնարավոր մասնակցությունը։

«Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով», – հայտնել է նախարարը։

Համագործակցության ուղղությունները հստակեցնելու և երկու երկրների գործարարների շփումներին աջակցելու նպատակով Վահան Քերոբյանն առաջարկել է Հայաստանում անցկացնել հայ-կատարական գործարար համաժողով և այդ առիթով հրավիրել է Կատարի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ  Թանիին այցելել  Հայաստան։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031