Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա». Վարչապետ

Մարտ 10,2022 14:19

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շատ կարեւոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի համար եւ որ մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ որպես «ընտրական ժողովրդավարություն»: Այս մասին, ըստ Փաշինյանի, տեղեկանում ենք «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած 2022 թվականի ժողովրդավարության զեկույցից, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը:

«Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն՝ նույնիսկ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր, որի իմաստը հետեւյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսն օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար: Այս նոր բնորոշման էությունը հետեւյալն է, որ իշխանությունները ձեւավորվում են ընտրություններով, այսինքն՝ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ՝ իշխանության ձեւավորման գործիք»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ 2021-ի արտահերթ ընտրություններով Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա». «Իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է կամ անթերի»:

Ասաց նաեւ, որ այդ «բարձրագույն լիգայում» ամեն տարի փորձենք ավելի բարձր տեղեր զբաղեցնել. «Պետք է այս ցուցանիշները կարողանանք կապիտալիզացնել ՀՀ-ի օրակարգի հարցերի սպասարկման համար՝ սկսած տնտեսությունից, վերջացրած անվտանգությամբ: Այս ընթացքում մենք տեսել ենք օրինակներ, երբ երկրում պոտենցիալ ներդրողները ամենատարբեր գործընկերության հարցերի օրակարգ ունեցող շրջանակները շատ մեծ ուշադրություն են դարձնում այսպիսի զեկույցներին: Այսինքն՝ նրանք ամեն անգամ իրենց առանձին հետազոտությունները չեն անում երկրի մասին: Եթե որեւէ երկրում գործունեությունը ծավալելու կամ չծավալելու վերաբերյալ որոշում պետք է կայացնեն, առաջին հերթին ծանոթանում են այսպիսի զեկույցներին եւ դրանց բովանդակությամբ են անում իրենց հետեւությունները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031