Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ ՀՀ իշխանությունները դադարել են լինել Արցախի անվտանգության երաշխավորը. ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի հայտարարությունը

Մարտ 10,2022 13:18
hyd

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի հայտարարությունը

Սույն թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի ունեցավ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակները քննարկեցին և արժևորեցին համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշեցին ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։

Ժողովը արձանագրեց, որ

  • Ողջ հայությունը, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները, հայտնվել են մեր նորագույն պատմության ճակատագրական փուլերից մեկում, որն աննախադեպ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար։
    • ՀՀ Իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը, արտաքին եւ ներքին ճակատներում առաջ եկած մարտահրավերներին անհամարժեք արձագանքն ու սխալ գործողությունները հանգեցրել են 44-օրյա աղետալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար ստեղծելով լինելիության վտանգ։
    • ՀՀ Իշխանությունները խորացրել են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք ուղեկցվում են քաղաքական հետապնդումներով, բանտարկություններով եւ ճնշումներով։ Փլուզված է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները։
    • Սփյուռքը բազմաթիվ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրված, համազգային պառակտման եւ հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից եւ հետպատերազմյան զարգացումներից հետո գտնվում է հուսալքության, ահռելի դժվարություններ հաղթահարելու եւ ելքերի փնտրտուքի փուլում, որն հարկ է հունավորել ու արդյունավորել։
    • Տարածաշրջանում ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Հայաստանի իշխանությունները դադարել են լինել Արցախի Հանրապետության և արցախահայության անվտանգության երաշխավորը։ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ
  • Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնական ներուժով։
    • Հայության ներուժի, ազգային արժեքների նահանջի պայմաններում Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարությունը։
    • Սփիւռքը իբրեւ գլխավորաբար Հայոց Ցեղասպանության ծնունդ, Արեւմտահայաստանի կորուստի արդյունք եւ արեւմտահայերենի պահպանման կռվան՝ ռազմավարական նշանակություն ունի հայության մղած պայքարի համար: Անհրաժեշտ է նոր ավյուն ներարկել Սփյուռքի առավել կազմակերպման եւ համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։
    • Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավոր հաստատումը չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի, Արցախի եւ համայն հայության օրինավոր եւ անժամանցելի իրավունքների:
    • Արցախում ստեղծված նոր կացությունը անհրաժեշտություն է առաջացնում պայքարի նոր մոտեցումների եւ ռազմավարության որդեգրման՝ մեկնակետ ունենալով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը։
    • ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ և նվիրումով ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարության հաստատման աշխատանքներին։
    • ՀՅԴ-ն հավատարիմ Հայ Դատի պայքարին՝ հանդես է գալու ցանկացած գործընթացի դեմ, որը կհակասի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության եւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հրապարկված Համահայկական Հռչակագրերին։
    • Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցությունը շարունակելու է ընդլայնել հունավորվող ազգային դիմադրության շարժումը:

ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով եւ համակիրների աջակցությամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարությունը։

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031