Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Խոշտանգման հանցակազմով նոր դատական ակտ Ա. Աղաջանյանի գործով՝ հիմնված ՀՀ վճռաբեկ դատարանի ուղղորդիչ նշանակության իրավական վերլուծությունների վրա
2022թ. մարտի 9-ին կայացած դատական նիստում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Ս.Մարաբյանի) որոշել է բավարարել մեղադրող դատախազի և տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները, Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանել, Արմեն Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու համար և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, իսկ 314-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու համար՝ 1 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ ի սկզբանե ՔԿՀ աշխատակից Ա. Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով խուզարկության համար նախատեսված սենյակում ՔԿՀ մի խումբ ծառայողների հետ դատապարտյալ Ա. Աղաջանյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու, նրան դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու և խոշտանգման դեպքը թաքցնելու համար իբրև թե խուզարկության ժամանակ Ա. Աղաջանյանի կողմից ագրեսիան կանխելու նպատակով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն կազմեու համար:
Կարդացեք նաև
Դատական քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերաորակելով խոշտանգման մեջ Ա. Հովհաննիսյանին մեղսագրվող արարքը, 2019թ. նոյեմբերի 26-ի դատավճռով վերջինիս մեղավոր էր ճանաչել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու (որն ավելի մեղմ պատիժ է նախատեսում), պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների համար և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ, Ա. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել էր համաներում, և նա ազատվել էր ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատավճռի դեմ ներկայացված բողոքները, ինչի դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ խնդրելով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների այդ որոշումը, Ա. Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել խոշտանգում կատարելու համար և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:
Բողոքների քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, միջազգային կոնվենցիաների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, ըստ էության, ամբողջությամբ համաձայնել է դատախազության հիմնավորումների հետ:
Վճռաբեկ դատարանը արձանագրել էր, որ Ա.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը վերաորակելու մասով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել խոշտանգման հանցակազմի հատկանիշները, սխալ են գնահատել գործում առկա փաստական տվյալները, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ և մասնակի բավարարել է դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները, բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Հենց այս քննության արդյունքում էլ ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել է վերոնշյալ դատական ակտը:
Այսպիսով` ՀՀ-ում կայացվեց խոշտանգման հանցակազմով երկրորդ մեղադրական դատական ակտը:
Այս գործով իրավական ողջ գործընթացն առանձնացավ նրանով, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային իրավունքի շրջանակում լուծեց խոշտանգման հանցակազմը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բռնությամբ ուղեկցված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմից ճշգրիտ սահմանազատելու խնդիրը:
Դա էական նշանակություն ունի նմանատիպ գործերով նախաքննության ընթացքում հանցավոր արարքներին ճիշտ քրեաիրավական որակում տալու տեսանկյունից:
Այս գործընթացը և հատկապես խոշտանգման հանցակազմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունները նաև ուղղորդիչ նշանակություն ունեն պետության վերահսկողության ներքո փակ տարածքում, անազատության պայմաններում գտնվող անձանց համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց վարքագծի կառավարման և այնպիսի գործողություններից զերծ մնալու առումով, որոնք կարող են բնորոշվել որպես անձի նկատմամբ խոշտանգման իրականացում:
Հաշվի առնելով այս իրողությունները՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային նշանակության որոշումը Դատախազությունում ստացվելուց հետո ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ դրա օրինական ուղարկվել էր ՀՀ ոստիկանություն, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ աշխատակիցներին պատշաճ հրահանգավորելու, նմանատիպ դեպքերը գործնականում բացառելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու համար: