«Այսօր, ամենաուշը վաղը ստիպված ենք լինելու ձեզ ազատել նախարարի պաշտոնից»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին, որը «Քաղաքացիական պայմանագրի» առաջադրմամբ ընտրվել է ՀՀ նախագահ:
Պարոն Խաչատուրյանն էլ կատակեց․ «Մի օր գալիս է դա»:
Փաշինյանը հայտնեց, որ նախարար Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ վերջին նիստն է, քանի որ նա ստանձնելու է ՀՀ նախագահի պաշտոնը, իսկ երդմնակալությունը տեղի է ունենալու առաջիկա կիրակի օրը՝ մարտի 13-ին: Նա շնորհակալություն հայտնեց Խաչատուրյանին համատեղ աշխատանքի համար ու հաջողություններ մաղթեց։
7 ամիս նախարարի պաշտոնը զբաղեցրած Վահագն Խաչատուրյանն էլ ասաց, որ շնորհակալ է վստահության համար, որ իրեն հնարավորություն է տրվել աշխատել որպես կառավարության անդամ. «Անկեղծ, ես շատ գոհ ու զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր կառավարությունում ու ինձ հնարավորություն է տրվել իմ գիտելիքները, փորձն օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ կառավարության իմ գործընկերների վերաբերմունքն իմ նկատմամբ ընդգծված է եղել, չգիտեմ՝ ինչով պայմանավորված: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, նաեւ կառավարության աշխատակազմին՝ աշխատանքային այս ռեժիմին դիմանալու»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ որոշ կիսատ աշխատանքներ ուներ, որոնք հաջողվել է այս ընթացքում ավարտել. «Համոզված եմ, որ իմ նոր աշխատանքում միասին հաջողություններ ենք արձանագրելու: Մեր ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որ նախատեսել է կառավարությունը առաջիկա 5 տարիների համար, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ