ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի ահագնացող խնդիրներից է պետության կուսակցականացումը:
Ամեն ինչ կենտրոնացած է Կառավարության, բայց փաստացի մեկ` կառավարող կուսակցության ձեռքում:
Տապալված է ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ` այդ կառավարմանը հակակշիռների համակարգը:
Պետական ինստիտուտները փաստացի ծառայեցվում են այդ մեկ կուսակցության շահերին և հակառակը` կուսակցության ազդեցությունը մեծացնելու համար օգտագործվում են պետական ինստիտուտները:
Արժեզրկվում են Կառավարությունից անկախ ու քաղաքականությունից վեր կանգնած պետական ինստիտուտները:
Արժեզրկվեց Հանրապետության նախագահի ինստիտուտը:
Կարդացեք նաև
Նախ, կառավարող կուսակցությունով առաջադրեցին ու Կառավարության նիստին կուսակցականներով գովեցին, իսկ հետո ԱԺ-ում իրենք իրենցով` կուսակցականներով հավաքվեցին, թեկնածուին նորից գովեցին, մեծարեցին, իրենք իրենց ծափահարեցին ու իրենք իրենցով էլ միաձայն ընտրեցին Նախագահի պաշտոնում:
Ընտրեցին այնպիսի մարդու, ով նախարար է աշխատել իրեն առաջադրած, գովերգած ու ընտրած կուսակցության ղեկավարի ենթակայությամբ: ԱԺ-ում էլ Հանրապետության նախագահի թեկնածուի օգտին քվեարկեցին մարդիկ, ովքեր թեև զբաղեցնում են պատգամավորի պաշտոն, բայց չունեն որոշումների կայացման ինքնուրույնություն, քանի որ փաստացի աշխատում են այդ նույն կուսակցության ղեկավարի ենթակայությամբ:
Արդյունքում` բոլորով փաստացի թաքնվեցին այն ֆորմալ պահանջի տակ, որ Հանրապետության նախագահի ինստիտուտն ապաքաղաքական է ու այդ կերպ արեցին Նախագահի թեկնածուի միակուսակցական ընտրության քողարկման չստացված փորձ:
Չեղավ որևէ համահայկական կոնսուլտացիա կամ հանդիպում` Սփյուռքի ներգրավմամբ, տեղի չունեցան պետության գլխի համար առաջադրված թեկնածուի տեսլականի ու ծրագրերի հանրային քննարկումներ Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում
ԱԺ-ում էլ իր ընտրության ողջ գործընթացում թեկնածուն միայն գովերգում էր Կառավարության քաղաքական որոշումներն ու արարքները:
Հիմա, օրինակ, ընդամենը 1 հարց` ինչպե՞ս Հանրապետության նախագահի պաշտոնում նման պայմաններով ընտրված մարդը կհակադրվի կուսակցության քաղաքական գծին և, ասենք, Սահմանադրական դատարան կտանի այնպիսի օրենք, որը քաղաքական որոշման արդյունքում հենց այդ կուսակցությունն էլ քվեարկել ու ընդունել է: