Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմտամետ կամ ռուսամետ լինելուց առաջ պետք է լինել հայամետ. Ռաֆայել Իշխանյանի գրքերը կողմնորոշման անփոխարինելի ուղեցույցներ են. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 10,2022 11:46

Հայ ժողովուրդրը մեծ պատմություն ունի: Եվ այն ժողովուրդը, որը շատ փորձություններ է տեսել, հոգեպես ավելի ուժեղ է: Նա հոգեկան հմայք ունի: Նա մեծ ժողովուրդ է:
Իլյա Էրենբուրգ

Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը հավակնում է բացել Իլյա Էրենբուրգի գնահատանքի փակագծերի գերակշռող մասը: Ցավոք, հեղինակը չի հասցրել գրել ըստ նախնական գաղափարի վեցհատորյա գրքի չորրորդ հատորը, որ հավակնում էր ճշմարտորեն ներկայացնել Կիլիկյան Հայաստանի պատմությունը: Երբ սկսում ես կարդալ գիրքը, համոզվում ես, որ այն անփոխարինելի դասագիրք է, հենց նման գրքով պիտի կրթել մատաղ սերնդին: Այն գալիս է հիշեցնելու, որ արեւմտամետ կամ ռուսամետ լինելուց առաջ պետք է լինել հայամետ, եւ սա արվում է ոչ թե համոզելով, այլ պատմական փաստերը համադրելով, շատերիս համար դեռ փակ փակագծեր բացելով: Ժամանակին բախտ եմ ունեցել 1988-ին հրատարակված նրա «Հայ ժողովրդի ծագման եւ հնագույն պատմության հարցերը» գրքի հետ կապված խոհերս կիսել հեղինակի հետ արցախյան շարժման սկզբնական շրջանում, երբ հյուր էր Ալավերդիում, մասնակցում էր մայրենի լեզվին նվիրված քննարկումներին, որոնք ամփոփվեցին տեղական թերթում հրապարակված «կլոր սեղանով»: Մեր հանդիպման պահին արդեն կար Իշխանյանի համոզիչ եզրահանգումներով ու ազգանվեր գնահատականներով լի «Երրորդ ուժի բացառման օրենքը» ուշագրավ աշխատությունը:

…Իշխանյանը հմտորեն կապակցում էր հայոց լեզուն ու հայոց պատմությունը եւ պնդում, որ չկա հայ առանց հայոց լեզվի եւ չկա հայոց լեզու առանց հայի: Այն ժամանակ նա բարձրաձայնեց Հեգելի հետեւյալ միտքը. «Ազգի ոգին, նրա պատմությունը, հավատը, քաղաքական ազդեցությունների աստիճանը չեն կարող դիտվել մեկը մյուսի վրա ազդեցությունից եւ նրանց ներքին էությունից դուրս, այդ ամենը միմյանց հետ կապված մի հանգույց են ներկայացնում»: Հենց այդ հանգույցն էլ «կարմիր թելի» նման էջից էջ անցնում է Ռաֆայել Իշխանյանի գրքերում: Դրանք գրքեր են ցավի, հայոց վշտի, կորուստների, զոհերի, գրքեր՝ լինելության եւ հայոց հավերժումի, գրքեր՝ հայոց պայծառ ապագայի նկատմամբ լեցուն հավատի: Դրանք չփակվող դասագրքեր են եւ կողմնորոշման անփոխարինելի ուղեցույցներ: Գրքերում մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը՝ սկսած հին ժամանակներից մինչեւ Բագրատունիների անկումը: Կարծում եմ՝ ասվածն էլ բավական է, որ ընթերցողը փնտրի, գտնի եւ կարդա այս աշխատությունները, կարդա ոչ թե պարզապես կարդալու համար, այլ դրանք պահի իր սեղանին՝ հարկ եղած դեպքում որպես լույսի եւ հույսի փարոս կրկին ձեռքն առնելու համար: Կասկած չունեմ, որ այս գրքերի հետ եղած պահերին ընթերցողը չի նեղվի համակարգչից կտրված լինելու համար, դեռ ավելին… Հեղինակը չի զլացել աշխատություններում բացատրել պատմական տերմինները եւ մի շարք բառեր, որոնք դպրոցական դասագրքերում չեն բացատրվում: Որպես ընթերցող՝ համոզված եմ, որ «Պատկերազարդ պատմություն հայոցը», նաեւ Իշխանյանի մյուս գրքերը կարդացած պատանին իր գիտական տվյալներով կառանձնանա ոչ միայն պատմության, այլեւ մայրենիի դասերին: Այդ գրքերը եւ՛ մեծերի, եւ՛ փոքրերի համար գիրք-վավերագրեր ու հայության յուրատիպ այցեքարտեր են:

Ռաֆայել Իշխանյանը մեր ցավի ու լինելության տարեգիրն էր: Նա ինքն է անձամբ իր ճանապարհից հեռացրել մոռացումի փոշին: Ապրողներիս մնում է ճիշտ օգտագործել իշխանյանական անմոռաց դասերը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031