Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ցանկացած ապակայունացնող քայլ կարող է գնահատվել միայն ՌԴ-ի ուշադրությունը շեղելու, նրա դեմ երկրորդ ճակատ բացելու համատեքստում. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 10,2022 10:51

Իրավիճակի կտրուկ սրումը Հայաստանի ու Արցախի հետ շփման գծում, գազատարի վնասումը եւ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները կարող են դիտարկվել միայն մեկ ընդհանուր տրամաբանության մեջ: Այն դեպքում, երբ տարածաշրջանի եւ միջազգային այլ փորձագետներ ակտիվորեն քննարկում են Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հավանականությունը, Ադրբեջանի կողմից իրավիճակի կտրուկ սրումը կա՛մ ասվածի հաստատումն է, կա՛մ ծայրահեղ ապիկարության դրսեւորում՝ չգիտակցելով, որ նման միջադեպերը կարող են դիտարկվել միայն այդ վարկածի համատեքստում: Այն դեպքում, երբ Ռուսաստանն Ուկրաինայում ապառազմականացված գոտի ստեղծելու համար խաղասեղանին է դրել գրեթե ամեն ինչ, նրա դաշնակից Հայաստանի եւ առավել եւս Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների դեմ կատարվող գործողությունները ծայրահեղ վտանգավոր ու պայթյունավտանգ են, առնվազն՝ անխոհեմ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ նրա գործողությունները համակարգող Թուրքիայի համար:

Մյուս կողմից էլ՝ ընդամենը 10 օր առաջ է Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ, եւ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին նման վտանգավոր համատեքստով գործողությունների գնալը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման դեպքում, առավել եւս Արցախում ռուս խաղաղապահների իրավասության տակ գտնվող տարածքներում հնարավոր անկայունությունն իր հետ բերելու է նաեւ Թուրքիայի ներգրավում, քանի որ Ադրբեջանը միայնակ դուրս չի գա ՀԱՊԿ-ի, առավել եւս՝ Ռուսաստանի դեմ, իսկ դա նշանակում է ՌԴ-ՆԱՏՕ հակամարտություն: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ասել են, որ չեն գնա ՌԴ-ի հետ ռազմական առճակատման, քանի որ, Պուտինի խոսքով, դա արդեն կլինի միջուկային պատերազմ: Բացի այդ, Ուկրաինայում ռուսական զինված ուժերն արդեն բավական տվյալներ ունեն, որ ինչպես Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ, այնպես էլ ընթացող ռազմական գործողություններում ներգրավված են ջիհադիստ ծայրահեղական զինյալներ, եւ գաղտնիք չէ, որ նրանց ներգրավման գործում «մասնագիտացած» է Թուրքիան: Սրան զուգահեռ հաճախակիացել են ծանր ռազմական ինքնաթիռների թռիչքները Ուկրաինա, եւ չի բացառվում, որ, բացի զենքից, այդ ինքնաթիռներով նաեւ գրոհայիններ են տեղափոխվում: Վերոնշյալ հանգամանքների պայմաններում, թերեւս, Ռուսաստանն ինքն է առիթ փնտրում Թուրքիային եւ Ադրբեջանին համարժեք պատասխանելու համար:

Այս իրավիճակում Թուրքիային ձեռնտու չէ ընդհարումը ՌԴ-ի հետ նաեւ այն առումով, որ մի կողմից նա իր բայրաքթարներն է վաճառում Ուկրաինային, մյուս կողմից էլ հակամարտությունից նաեւ այլ արդյունքներ է փորձում քաղել՝ համատարած պատժամիջոցների ժամանակ իր դռները լայն բացելով Ռուսաստանի, մասնավորապես՝ ռուբլու առաջ: Հետեւաբար, պաշտոնական Բաքուն ստիպված է մտածել, թե ինչքանով է խելամիտ միայնակ դուրս գալ ՌԴ-ի դեմ: Այլ կերպ ասած՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին զուգահեռ Հարավային Կովկասում Ադրբեջանի ցանկացած ապակայունացնող քայլ կարող է գնահատվել միայն ՌԴ-ի ուշադրությունը շեղելու, նրա դեմ երկրորդ ճակատ բացելու համատեքստում՝ իր բոլոր հետեւանքներով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031