Ամերիկյան The Heritage Foundation-ը «Տնտեսական ազատության ինդեքս-2022» զեկույցում Հայաստանը դասակարգել է 58-րդ տեղում՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ընդհանուր բալերը ցածր են տարածաշրջանի միջինից, բայց բարձր համաշխարհային միջինից: Հայաստանը նորից «չափավոր ազատ» երկրների ցանկում է, մինչդեռ ընդամենը երկու տարի առաջ՝ 2020թ. մայիսին, Փաշինյանի կողմից «ժողովրդավարության բաստիոն» կոչված մեր երկիրը նույն ինդեքսում 34-րդ հորիզոնականն էր զբաղեցնում:
Այսինքն՝ ընդամենը ոչ լրիվ երկու տարում Հայաստանն իր դիրքերը զիջել է 24 հորիզոնականով:
Զեկույցում դասակարգումներն արվում են մի քանի սկզբունքների հիման վրա՝ իրավունքի գերակայություն, կառավարության միջամտության չափ, կարգավորման արդյունավետություն, ազատ շուկա։
Իրավունքի գերակայության ոլորտում արված հետազոտության պատկերն էլ հենց դարձել է հետընթացի պատճառը. վերլուծությամբ արձանագրվում է, որ, օրինակ, «դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցությունների, դատական ինստիտուտները խարխլված են անարդյունավետությամբ և համակարգային կոռուպցիայով, և չնայած իշխանության հակակոռուպցիոն ջանքերին՝ կոռուպցիան մնում է համակարգային»:
Կարդացեք նաև
Ըստ էության կազմակերպությունը բաց տեքստով ասում է՝ Հայաստանում դատարանները համատարած գտնվում են քաղաքական ազդեցությունների տիրույթում, իսկ սա նշանակում է, որ որոշակի բացառություններով, իհարկե, բայց մեր երկրում դատարաններին ուղիղ պատվեր է իջեցվում քաղաքական իշխանությունների կողմից, անձամբ կամ միջնորդավորված, ու այդ մասին տեղյակ են միջազգային կազմակերպությունները:
Իսկ թե ո՞ր ներդրողն այս վիճակում գտնվող դատարանների պարագայում ռեսուրսներ կներգրավի Հայաստան, մնում է միայն գուշակել, եթե, իհարկե, անսահման վառ երևակայություն ունես:
Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։