Ծանր վիրավորանքի հետ կապված քրեական գործերը բոլորն էլ, այդ թվում՝ դատարան մտած, կապված են բացառապես իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու հետ: Հասկանալի է՝ առաջին հերթին՝ Նիկոլին:
Հետաքրքիրն այն է, որ որևէ դեպք չկա, որ ծանր վիրավորանքին վերաբերող հոդվածով քրեական գործ հարուցվի ընդդիմադիրներին, ասենք՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին վիրավորելու դեպքում։ Չէ՞ որ տրամաբանորեն օրենքը պետք է կիրառվեր հավասարապես, այլ ոչ թե միայն իշխանության դեպքում։ Դրա համար էլ օրենսդրական այս խայտառակագույն փոփոխությունն արդեն ստացել է «Նիկոլի անվան» որակումը: Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար:
Ահա, այստեղ է, որ հարց է ծագում՝ մի՞թե իշխանականներից բացի այլ անձինք չկան, որոնց հայհոյել կամ ծանր վիրավորանք են հասցրել։ Եթե հետևենք իրավապահների «տրամաբանությանը», ապա ստացվում է, որ մեր երկրում հայհոյում ու վիրավորում են միայն Նիկոլ Փաշինյանին ու մյուս «ուսապարկերին»: Այդ դեպքում, եզրակացությունները առավել քան տխուր են այս իշխանությունների համար, որոնք, հիմք ընդունելով այս տարվա խորհրդարանական ընտրությունների շատ կասկածելի արդյունքները, կարծում են, որ իրենք վայելում են հասարակության վստահությունը: Շատ ուժեղ վստահություն է, խոսք չկա…
Հ.Գ.- Այս ամենի մեջ ուրիշ հետաքրքիր պահ էլ կա: Մի հայտնի հին պատմություն կա, որի տարբեր տեսակներն են շրջանառվում: Մեկի պատին գրում են՝ «Այսինչը սրիկա է» (գող է, ավազակ է, դավաճան է, տականք է, խոզ է. պատմությունը շրջանառվում է նաև տարբեր ձևակերպումներով): Այս մարդու որդին ստիպում է ողջ թաղամասին գրել՝ «Այսինչը սրիկա է», որպեսզի ձեռագրից հասկանա, թե ով է այդ որակման հեղինակը: Հայրը իմանում է ու զայրանում. «Այ տղա, էդ մեկը մի անգամ գրեց սրիկա, դու հարյուրավոր անգամներ կրկնել տվեցիր»: Հիմա մեր իշխանավորներն այս օրն են ընկել. մեկը հրապարակավ վիրավորում է իրենց (մնացած մեծամասնությունն՝ ավելի փոքր շրջապատում), իրավապահները քրգործ են հարուցում, և օրեր շարունակ բազմաթիվ հարթակներով շրջանառվում է այդ վիրավորանքը: Օրինակ՝ երեկ ամբողջ մամուլը հեղեղված էր մի տեղեկությամբ, որ քրգործ է հարուցվել այն բանի համար, որ քպականներից մեկին անվանել են «քոռ խոզ», և պարզվել է, որ նա դրանից վիրավորվում է…
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում