«Ընդդեմ նացիզմի» խորագրով հայ կանանց այսօրվա ֆորումի մասնակից, վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը լրատվամիջոցներին ասաց. «Այսօր մենք՝ հայ կանայք այստեղ համախմբվել ենք ընդդեմ նացիզմի, որովհետեւ նացիզմը համաշխարհային չարիք է: Մենք նացիզմի չարագործությունները մեր հայրենիքի հանդեպ ունեցել ենք տարիներ շարունակ: Մեր մշակութային արժեքներն են ոչնչացվել: Դա արվում է նաեւ այսօր՝ Արցախում, ինչը նույնպես նացիզմի դրսեւորում է:
Նացիզմը արագ տեմպերով տարածվում է աշխարհով մեկ եւ վնասում երկրներին ու ազգերին: Մեր ժամանակներում ակտիվացել են այդ ուժի ներկայացուցիչները: Այդ բարբարոսական շարժման դեմ պետք է համախմբվել, պետք է դիմագրավել այդ ռասսայական խտրականությանը:
Հայ կանայք մտահոգված են այդ համաշխարհային չարիքով ու դրա համար ենք մենք այսօր հավաքվել: Կինը պետք է ասի իր ծանրակշիռ խոսքը եւ ակտիվ դերակատարություն ունենա՝ թույլ չտալով նացիզմին ձեռք չտվող ազգերն ու արժեքները ոչնչացնել: Սրան պետք է վերջ տրվի: Այս ամենը կատարվում է աշխարհի աչքի առջեւ: Եվ այս ամենը կոչվում է եվրոպական արժե՞ք: Դրա համար ենք մենք՝ հայ կանայք համախմբվում, որպեսզի թույլ չտանք այդ վանդալիզմը»:
Տիկին Ներսիսյանը անդրադարձավ նաեւ թուրք-ադրբեջանական նացիզմին: «Դա մեկ ուժ է եւ թուրքական բարբարոսությունը հայ ժողովրդի նկատմամբ գալիս է հնուց: Նրանք մեր ժողովրդին եւ պատմական արժեքները ոչնչացրել են Արեւմտյան Հայաստանում, արել ամեն բան հայկական հետքը վերացնելու համար: Նույն բանը Ադրբեջանի ձեռամբ արել են անգամ խորհրդային տարիներին Նախիջեւանում հայկական ավելի քան 24 հազար խաչքարերը ու եկեղեցիները վերացնելով: Իսկ հիմա էլ հերթը հասել է Արցախին: Եվ աշխարհը լռում է, աչք է փակել եւ փակում է: Այսինքն, ստացվում է, որ աշխարհը կառավարող ուժերին այսպես է հարմար:
Կարդացեք նաև
Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք եւ պետք է պահանջենք, որ մեր աժեքների հետ այդպես չվարվեն: Երբ ազգ ես վերացնում, հետո՝ նրա մշակութային կոթողները, դա կատարյալ Ցեղասպանություն է»:
Գայանե Ներսիսյանի համոզմամբ, հայ-ադրբեջանական բարեկամությունը, թուրքերի հետ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանը, ինչի մասին այսօր անդադար խոսում է, նրա իսկ ձեւակերպմամբ՝ ներկայիս բռնապետական կառավարությունը, անհնարին է: «Դա թուրքերի հերթական պահանջն է, որ նա կատարում է: Արցախյան վերջին պատերազմում այս սպանդը կազմակերպեց մեր երեխաների նկատմամբ: Իսկ այս «խաղաղության գործընթացը» մեր հաջորդ ողբերգության սկիզբն է: Ինչպե՞ս կարող ենք խաղաղության գործընթաց սկսել թշնամու հետ, երբ նա մինչեւ հիմա վարում է հայատյաց քաղաքականություն: Սա աբսուրդ է, որ հորինել է այսօրվա մեր բռնապետական կառավարությունը, իսկ վարչապետ կոչեցյալը հերթական խորամանկ քայլն ուզում անել, որը որ իրեն հանձնարարված է»,-ասաց վաստակավոր արտիստուհին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ