«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ, հանուն նոր միության» շարժումն այսօր «Ընդդեմ նացիզմի» միջոցառումով, ըստ էության, նախաձեռնեց կանանց միամսյակի բացում: Սակայն, ինչպես ասաց միջոցառման նախաձեռնող Հայկ Բաբուխանյանը, «Միայն չենք շնորհավորելու մեր մայրերին, քույրերին, կանանց: Կանանց ծանրակշիռ խոսքը պետք է լսենք այս դժվար իրավիճակում, որի մեջ ընկղմվել է ոչ միայն մեր երկիրը, տարածաշրջանը եւ, ինչպես երեւում է, ողջ աշխարհը: Ի՞նչ են ասում հայ կանայք: Այսօրվա մեր ֆորումի նշանաբանն է՝ «Աշխարհն առանց նացիզմի եւ հանուն ավանդական արժեքների»:
Սրանք շատ կարեւոր երկու ուղղություններ են, որոնք ունեն շատ կարեւոր հիմք: Մեկը ադրբեջանական եւ թուրքական նացիզմն է, որը սանձազերծեց հակահայ պատերազմները՝ թե Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանությունը, թե այսօր ադրբեջանական հարձակումը Արցախի եւ Հայաստանի վրա: Սրանք նացիզմի հետեւանք են, ինչպես նացիզմի հետեւանք է նաեւ այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում:
Մենք կողմ ենք ինքնորոշմանը, դա կլինի Արցախի ինքնորոշումը, թե Ղրիմի, Լուգանսկի, թե Դոնեցկի ինքնորոշումը: Մենք ինքնորոշմանը կողմ ենք, որովհետեւ դա ազատություն է եւ դա միջազգային սկզբունք է, ինչը չի ընդունում նացիզմը, ավելին, այն տրորում է:
Կարդացեք նաև
Երկրորդ ուղղությունն այն է, որ հայ կանայք կողմ են հայ ավանդական ընտանիքին, ավանդական կեցվածքին, ավանդական արժեքների համագումարին, եկեղեցուն: Եվ մենք այդ ավանդույթները պետք է պահենք: Իսկ այն, ինչ գալիս է Արեւմուտքից որպես նորարարություն, նոր կեղծ մշակույթ, հայ կինը դրան դեմ է: Հայ կինը պահանջում է հայ ընտանիք, հայ եկեղեցի, հայ ինքնություն, ինչի մասին այսօր հայտարարելու են»,-ասաց Հայկ Բաբուխանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ