Լրահոս
Օրվա լրահոսը

«Օդեսա մյուզիք» փառատոնի գալա համերգին մեկնած Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցի պատվիրակությունը բարեհաջող վերադարձել է հայրենիք

Մարտ 09,2022 20:03

Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցի պատվիրակությունը՝ 15-ամյա քանոնահարուհի Լալա Իսկանդարյանն ու նրա ուսուցչուհին՝ Մարինե Ասատրյանը, որոնք փետրվարի 22-ին մեկնել էին Օդեսա՝ «Օդեսա Օլիմպ» միջազգային փառատոնի գալա համերգին մասնակցելու, սակայն սկսվել էր պատերազմը ու ստիպված էին եղել հատել Ուկրաինայի սահմանը, անցնել Մոլդովա, այնուհետ Ռումինիա, երեկ բարեհաջող հասել են Հայաստան։

Մարինե Ասատրյանը, որը նաև դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց  մեծ օժանդակություն են ցուցաբերել  ինչպես Օդեսայում բնակվող  հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ  Մոլդովայում, Ռումինիայում գտնվող հայ  դիվանագետները։

Մարինե Ասատրյանը պատմեց․ «Աշակերտուհիս՝ «Վարդուհի» արվեստի դպրոցի սանը, մրցանակ էր շահել, մեկնել էինք  Օդեսա՝  այս քաղաքի ֆիլհարմոնիայի հրավերով , սակայն երրորդ օրը սկսվեց պատերազմը, ֆիլհարմոնիկի համերգը չկայացավ։

Ելույթ ունեցանք հայկական մշակույթի տանը ու դրանից հետո հայտնվեցինք  ծանր իրավիճակում, քանի որ քաղաքն անընդհատ ենթարկվում էր գնդակոծությունների։

Այնտեղի հայ համայնքի եկեղեցու ուժերով տեղափոխվել ենք Մոլդովա, սահմանն անցել ենք։ Մոլդովայում մեզ դիմավորել  է այնտեղի հայ հյուպատոսը, պատվավոր մի մարդ է, անունը Թաթուլ։  Մեզ տեղավորեցին այնտեղ, մնացինք, հետո հայկական եկեղեցում հանդիպում ունեցանք Արսեն Միքայելյանի հետ՝ Հայաստանի Արտգործնախարարության Մոլդովայի ներկայացուցչի։

Հավաքվեցինք հայերով, բայց այդ ժամանակ դեռ ոչինչ չէր նշմարվում ու որևէ որոշման չկարողացանք հանգել, թե ինչպես կարելի էր գալ, հասնել հայրենիք․ շատ էին փախստականները։

Մյուս օրն առավոտյան՝ մեր դպրոցի փոխտնօրեն տիկին Եղոյանի հետ խոսելուց հետո , զանգահարեցի Արսեն Միքայելյանին, բացատրեցի իրավիճակը,  ներկայացա, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, փախստականներ չենք, ասացի, որ ինքս աշխատում եմ Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում և աշակերտուհիս նույնպես Գյումրիից է։

Ասացի, որ մենք համերգային ճանապարհորդության էինք եկել ու մեր հետվերադարձի տոմսերը կորել են։

Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել Արսեն Միքայելյանին․ մեծ աջակցություն ցուցաբերեց, նրա շնորհիվ կարողացանք Մոլդովայից անցնել Ռումինիա․ Ռումինիայում մեր կեցության հարցերը լուծեց և այնտեղից էլ մեզ ճանապարհեց Աթենք։ Հունաստանից էլ երեկ լուսադեմին բարեհաջող հասանք Երևան»։

Մարինե Ասատրյանը նշում է, որ այն բոլոր համայնքներում, որտեղ իրենք եղել են, հյուպատոսները հերթով զանգել են, գրել, հետաքրքրվել, թե ինչպես են տեղ հասել։

«Շնորհակալ ենք աշխարհասփյուռ մեր հայերին՝ իրենց աջակցության, վերաբերմունքի համար։ Մենք իրոք մեզ շատ լավ զգացինք՝ որպես հայ, տարբեր երկրներում հայը հայի նկատմամբ հոգատար էր, մեծ աջակցություն էր ցուցաբերում։

Հպարտությամբ եմ ասում, բարձր մակարդակի աջակցություն է եղել և՛ հայ համայնքների, և՛ հյուպատոսների, և՛ մեր արտգործնախարարության Մոլդովայի ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի կողմից։ Անկեղծորեն եմ ասում՝ իր մարդասիրական վերաբերմունքից շատ շնորհակալ ենք, հիացած ենք, նա կազմակերպեց մեր վերադարձը հայրենիքը»,-ասաց Մարինե Ասատրյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031