Լրահոս
Օրվա լրահոսը

«Նյութ» բառի փոխարեն՝ «խառնուրդ»․ «հակածխախոտային օրենքը» նոր սահմանափակում ունի

Մարտ 09,2022 19:22

«Մինչեւ երկրորդ ընթերցումը հանձնաժողովում ներկայացվեցին առաջարկներ, որոնցից Նարեկ Զեյնալյանի առաջարկին կողմ քվեարկվեց։ Քննարկեցինք մասնագետների հետ եւ ընդունելի համարեցինք այն։ «Նյութ» բառի փոխարեն գրել ենք «խառնուրդ», եւ սա ներառում է ագրեգատային տարբեր վիճակներում գտնվող նյութերի համալիրը»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ կարգով քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու հարցը․ ըստ առողջապահության նախարարության՝ հանրային սննդի բաց եւ փակ օբյեկտներում մարտի 15-ից արգելվող ծխախոտի եւ ծխախոտի փոխարինիչների շարքում պետք է դասել նաեւ «նոր ի հայտ եկած արտադրատեսակները»՝  նրանք, որոնք պարունակում են նիկոտին եւ աշխատում են ոչ միայն լուծույթի, այլեւ պինդ նյութի գոլորշիացմամբ։

Հարցի հարակից զեկուցող, տնտեսական հարցերի հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ «Հայաստան» դաշինքն առաջարկել  է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը մարտից երկարաձգել մինչեւ սեպտեմբեր․ «Հանձնաժողովը դա հիմնավոր չհամարեց, քանի որ այն օգուտը, որը ստանալու է քաղաքացին երկարաձգումից, չհիմնավորվեց։ Առաջարկը մերժվել է»։

«Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ իրենք ԵՏՄ կանոնակարգումների հետ կապված են խնդիր տեսել, բացի այդ՝ առաջարկում էին անդրադառնալ բացօթյա տարածքներում հակածխախոտային քաղաքականությունը մեղմելուն․ «Հանձնաժողովում քննարկումը ցույց տվեց, որ այս հարցն առնվազն քննարկման առարկա դարձնելու գաղափար կա։ Կարծում ենք, որ բացօթյա տարածքներում նման սահմանափակումը համաչափ չէ։ Հնչում է հակափաստարկ, որ «բացօթյա տարածք» սահմանելը դժվար կլինի։ Դա նշանակում է, որ ավելի շատ ժամանակ պետք էր տրամադրել եւ լուծում գտնել, այլապես տոտալ արգելքն ամենահեշտ լուծումն է։ Մենք ձեռնպահ ենք քննարկելու, բայց առաջիկայում այս հարցի մասին օրինագիծ կնախաձեռնենք»։

Ի պատասխան Ծովինար Վարդանյանը պնդեց, որ ԵՏՄ օրենսդրության հետ որեւէ անհամապատասխանություն չկա․ «Այս նախագիծը նախկինում, ինչպես եւ հիմա, միտված է ծխախոտի դեմ պայքարին»։ Լենա Նանուշյանն էլ իր հերթին ասաց․ «Այդպես էլ չհասկացանք, թե ԵՏՄ-ի ո՞ր դրույթին է հակասում օրենքը։ Մենք ընդլայնում ենք կարգավորումները, իսկ դուք հակառակն էք առաջարկում՝ թուլացնել»։

Արամ Վարդեւանյանը պարզաբանեց․ «Մենք կողմ ենք հակածխախոտային քաղաքականությանը եւ դրա շրջանակի ընդլայնմանը, բայց կողմ չենք այն ռիսկերին, որոնք կարող են առաջանալ ԵՏՄ կարգավորումների տեսանկյունից։ Դրա համար էինք առաջարկում հետաձգել միայն բացօթյա տարածքներին վերաբերող դրույթը»։

Հավելենք, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ եւ 30 ձեռնպահ ձայներով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031