Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել` ի տարբերություն որոշ քաղաքական առնետների». դպրոցի նախկին տնօրենը` ՔՊ-ականներին

Մարտ 09,2022 18:47

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Ղազարյանն այդ պաշտոնում էր մինչեւ մարտի 1-ը։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է: «Որոշ պաշտոնյաներ իրենց աշխատավայրերում որոշում են, թե ինչպես շրջանցել տնօրենի ընտրության գործընթացը կարգավորող իրավական ակտերի պահանջները: 2021թ դեկտեմբերի 5-ին Ապարանում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ: Ընտրություններից մի քանի օր առաջ ինձ հրավիրեցին մարզպետարան, որպեսզի ՔՊ-ական ցուցակով հանդես գամ որպես ավագանու անդամ, իսկ ես հրաժարվեցի: Մտահոգ մարդիկ տեղեկացրին, որ իմ անունն արդեն վերցրել են շրջանակի մեջ` ապագայում պատժելու համար»,- «Հայելի» ակումբում ասաց Նաիրա Ղազարյանը:

«Ես երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ հանդիսացել ի տարբերություն որոշ քաղաքական առնետների, որոնք զբաղվում են առնետավազքով իրենց համար տաքուկ տեղը գտնելու համար: ՄԵծ ցավ ու հիասթափություն եմ ապրում, որ Արագածոտնի մարզի պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը եւ ներկայիս փոխմարզպետ, նախկին ՀՀԿ-ական Էդգար Փարվանյանը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը՝ իրենց վարքով, գործողություններով, պահվածքով, որոշումներով էլ ավելի հիասթափեցնում են մեզ: Այդ ամենը բերում է նրան, որ վերջնականապես մեր հավատը կորցնենք գործող իշխանությունների նկատմամբ»,-հավելեց Նաիրա Ղազարյանը:

Նրա խոսքով, դպրոցը պետք է ապաքաղաքական կառույց լինի, մինչդեռ ներկայումս այլ իրավիճակ է տիրում. «Դպրոցի տնօրենը չպետք է դառնա քաղաքական կապանքների զոհ․․․ 2022թ փետրվարի 14-ին Ապարանի թիվ 2 դպրոցում պետք է տեղի ունենար տնօրենի ընտրություն: Ըստ կարգի՝ նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է կառավարման խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ը: Առնվազն 6 հոգի պետք է ներկա լիներ նիստին: Ինչպես եւ կանխատեսվում էր, մարզպետարանի 4 աշխատակիցները չներկայացան մրցույթին, որոնցից 3-ը առաջադրվել էին մարզպետի կողմից, մյուսը` ԿԳՄՍ նախարարության կողմից: Մրցույթը հետաձգվեց քվորում չապահովելու պատճառով 5 աշխատանքային օրով:

Հաջորդ մրցույթը տեղի ունեցավ փետրվարի 21-ին: Ծնողական եւ ուսուցչական խորհուրդների կողմից վստահության քվեն ինձ էր տրվել: Մտածում էինք, որ գուցե այս անգամ մարդիկ կներկայանան մրցույթին, սակայն մարզպետարանի 4 աշխատակիցները կրկին չմասնակցեցին մրցույթին՝ ձախողելով այն: Մրցույթը չկայացավ, եւ ըստ կարգի՝ նոր մրցույթ հայտարարվեց»:

Նախկին տնօրենն ընդգծեց, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, ինքն ազատվել է աշխատանքից եւ իր փոխարեն իշխանություններն իրենց «մարդուն» են նշանակել ժամանակավոր պաշտոնակատար. «Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդգար Փարվանյանի եղբոր կինը, ոչ թե փոխտնօրեններից մեկը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031