Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին հայհոյելու գործով հետազոտվեցին ոստիկանական գլխարկներն ու հողալցված շիշը

Մարտ 09,2022 18:19

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց 10-ի գործով նիստը: Դատարանն այսօր ևս հետազոտեց տեսաապացույցները:

Հիշեցնենք՝ Բագրատ Եսայանին եւ այլ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց (Արսեն Վարդանյան, Էմանուել Սինան, Նարեկ Վերդյան, Արշակ Սարգսյան, Սարգիս Կարապետյան, Տարոն Մանուկյան, Մեսրոպ Եղիազարյան, Աշոտ Հովհաննիսյան, Նարեկ Մանթաշյան) դեմ գործ է հարուցվել՝ գլխավոր դատախազության դեմ ցույցին մասնակցելու եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական վանկարկումներ անելու համար:

Մեղադրյալներից ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանը հայտարարեց, որ հետազոտված ապացույցներից մի մասում ձայն չկա, մինչդեռ մեղադրական եզրակացության մեջ գրված է, որ ինքը կես ժամ շարունակ հայհոյանքներ է հնչեցրել ինչ-որ անձի կամ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ: Ըստ նրա, հետազոտված տեսագրությունում, համենայնդեպս, նման բան չկա: Մեղադրող դատախազն առարկեց՝ նկատելով, որ շուրջ 40 տեսագրություն է հետազոտվել եւ մեղադրանքում նշվածը չի ենթադրում պարբերականությամբ է հնչեցվել, այլ ժամանակ առ ժամանակ, որը գումարային կազմում է 30 րոպե:

Պաշտպան Սերգեյ Հարությունյանն էլ նկատեց, որ մինչ այս ցուցադրված տեսանյութերում շշեր եւ ձվեր նետելու կադրեր չկան, ինչպես մեղադրանքում է ներկայացվում: Ավելի ուշ նա հայտարարեց, որ երկու ժամ ցուցադրված տեսանյութերից եւ որեւէ մեկով չհիմնավորվեց ու չապացուցվեց, որ մեղադրյալներն ապօրինի գործողություններ են անում. ավելին, նրանք ընդամենը կանգնած են կամ բանակցում են ոստիկանների հետ: Դատարանում տեղի ունեցողը փաստաբանը ժամավաճառություն անվանեց եւ հայտարարեց, որ հայհոյանք ասածը ընդամենը 30 վայրկյան է հնչում, հիմնականում հնչում են «թուրք» եւ «առանց թուրքի Հայաստան» արտահայտությունները, որոնք առայժմ հայհոյանք չեն:

Հաջորդ տեսանյութերի ցուցադրությունից հետո Բագրատ Եսայանը նկատեց, որ «բ..-ի տղա Նիկոլ» արտահայտության վանկարկման ժամանակ ինքը մեջքով է կանգնած եղել եւ ոչ մի կերպ հնարավոր չէ նույնականացնել, որ դա կարող էր ինքը լինել. «Մայիսի 4-ին, երբ ինձ մեղադրանք է առաջադրվել եւ ուսումնասիրվել է այս տեսագրությունը, որեւէ ձևով, որեւէ այլ ապացույցով հիմնավորված չէ, որ ես նման արտահայտություն հնչեցրել եմ։ Այս տեսագրության մեջ, այն պահին, երբ հնչում է այդ՝ անբարեկիրթ, ձեր բնորոշմամբ արտահայտությունն, իսկ դատախազության բնորոշմամբ՝ սեռական բնույթի հայհոյանքը ինչ-որ մեկի հասցեին, ես կանգնած եմ մեջքով: Որեւէ ձեւով՝ նույնիսկ իմ շուրթերից, հնարավոր չէ ենթադրել, որ ես այդ արտահայտությունը հնչեցրել եմ: Իսկ արտահայտությունը հնչում է մի քանի անգամ՝ կամերային բավականին մոտ: Ձայնով էլ որեւէ ձեւով չի իդենտիֆիկացվում, որ դա կարող եմ ես լինել»:

Բագրատ Եսայանը վերահաստատեց ավելի վաղ արտահայտած իր կարծիքը՝ ինքը «բ..-ի տղա Նիկոլ» արտահայտությունը չի հնչեցրել , բայց այս իրավիճակում լիովին համամիտ է այդ բնութագրման հետ։

Նա նաեւ հավելեց, որ տեսանյութում մի քանի վանկարկում է հնչում․ օրինակ՝ «առանց թուրքի Հայաստան», որը չի կարծում, թե սեռական բնույթի է. «Չգիտեմ ում նկատի ունեն, բայց տվյալ անձը վիրավորվել է, քանի որ սուբյեկտիվ ընկալումն ունեցել է, որ իրեն են «թուրք» անվանում եւ առանց իրեն Հայաստան են ուզում տեսնել․ եթե ընկալած լիներ՝ այստեղ, որպես տուժող պետք է ներկայացված լիներ։ Հաջորդ վանկարկումը «թուրք, թուրք, թուրք» արտահայտությունն է, որը նույնպես որեւէ հնարավորություն չկա հստակեցնելու, թե ո՞ւմ է ուղղված, Ես կարող եմ իմ մեջ միայն ենթադրություն անել»:

Գործով ամբաստանյալ Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչումբաեւն էլ մեղադրանքից մեջբերեց իր պաշտպանյալին վերաբերող հատվածը, որտեղ խոսվում է, որ վերջինս ցույցի ամբողջ ընթացքում ներկա է եղել եւ խուլիգանական արարքներ է թույլ տվել, մինչդեռ ցուցադրված տեսանյութերից միայն մեկում, այն էլ մեկ դրվագով է Նարեկ Մանթաշյանը երեւում:

Պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն էլ արձանագրեց, որ տեսանյութերում ակնհայտ է, որ իր պաշտպանյալը խաղաղ կանգնած է եւ որեւէ ապօրինի գործողություն չի իրականացնում:

Դատարանն այսօր հետազոտեց նաեւ իրեղեն ապացույցները՝ ոստիկանական գլխարկներ, հողով լի շշեր: Պաշտպանական կողմը անհասկանալի որակեց ոստիկանական գլխարկների վերաբերելիությունը գործին: Իսկ հողով լցված շշերի մասով, որոնք, ըստ մեղադրանքի, նետվել են ոստիկանների ուղղությամբ, Ռուբեն Մելիքյանը հստակեցրեց, որ ընդամենը մեկ շիշ է հողով լցված, այն էլ՝ շատ քիչ եւ առհասարակ, հայտնի էլ չէ՝ այդ շիշը եղե՞լ է դեպքի վայրում, ինչպե՞ս է հայտնվել այնտեղ, ինչպե՞ս է օգտագործվել: Այս ապացույցը, պաշտպանը կասկածելի է համարում եւ միջնորդեց՝ հետաձգել նիստը՝ ընթերականերին հարցաքննելու եւ հողալցված շշի պատկանելիությունը ստուգելու համար: Միջնորդությունն այս փուլում մերժվեց:

Ամբաստանյալ Նարեկ Մանթաշյանն էլ տարակուսեց իրեղեն ապացույցների մասով, քանի որ որեւէ կերպ չի հիմնավորվում դրանց առնչությունը գործին:

Հաջորդ դատական նիստում դատարանը կանցնի վկաների հարցաքննությանը: Նիստը կկայանա ապրիլի 19-ին, 12.30-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031