ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է՝ արեւմտյան մի շարք պաշտոնական դեմքեր հայտարարություններ են անում իրենց քաղաքացիների՝ ուկրաինական ռազմական գործողություններում կամավոր մասնակցության մասին։ Նա ասել է, որ Ուկրաինայի դեսպանությունը մի շարք երկրների մայրաքաղաքներում, օրինակ՝ Կոպենհագենում, Լոնդոնում իրականացնում է վարձկանների hավաքագրման աշխատանքներ․ «Նրանք աշխատանքներ են տանում կամավորների հավաքագրման՝ ՌԴ-ի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այսպես է գրված։ Ընդ որում, իրենց քաղաքացիներին դրան մասնակցելուն դրդում են այս պետությունների պաշտոնական ներկայացուցիչները։ Ամսի մեկին Դանիայի վարչապետը հայտարարել է, որ իրենց երկրի քաղաքացիները, որոնք հայտնել են ռազմական գործողություններին կամավոր մասնակցության մասին, քրեական պատասխանատվության չեն ենթարկվի։ Նույնը Մեծ Բրիտանիան է ասել, թե բրիտանացիների իրավունքն է, նրանք ինքնուրույն են որոշում կայացրել մասնակցելու ռազմական գործողություններին»։
Զախարովան նաեւ նշել է․«Մեծ խնդրանք այն երկրներին, այն պաշտոնյաներին, որոնք քարոզում են եւ աջակցում են այս նախաձեռնությունը՝ կամավորների հավաքագրումը, հետո չզանգեք Մոսկվա եւ չխնդրեք օգնել ձեզ պարզելու ձեր քաղաքացիների ճակատագիրը։ Մենք ձեզ պատասխանելու ենք այնպես, ինչպես դուք եք այսօր հայտարարում՝ դա նրանց ընտրությունն է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ