Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց «10-ի գործ» անվանումը ստացած գործով նիստը:
Հիշեցնենք՝ Բագրատ Եսայանին եւ այլ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց (Արսեն Վարդանյան, Էմանուել Սինան, Նարեկ Վերդյան, Արշակ Սարգսյան, Սարգիս Կարապետյան, Տարոն Մանուկյան, Մեսրոպ Եղիազարյան, Աշոտ Հովհաննիսյան, Նարեկ Մանթաշյան) դեմ գործ է հարուցվել՝ գլխավոր դատախազության դեմ ցույցին մասնակցելու եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական վանկարկումներ անելու համար:
Դատարանը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում:
Պաշտպան Սերգեյ Հարությունյանն ուռճացված է համարում ապացույց ասվածը, քանի որ խոսքը մի քանի ոստիկանների ցուցմունքների մասին է։ «Պարբերաբար նմանատիպ գործեր են հարուցվում, երկրում արդեն վախի ու տեռորի մթնոլորտ է ձեւավորվում: Մենք տեսնում ենք, որ փողոցում ամեն օր, անհիմն, փողոցում մեքենաներն են ստուգում, մարդկանց անհիմն բերման են ենթարկում նաեւ ոչ քաղաքական հարցերով, անգամ մեքենան ոչ ճիշտ կայանելու համար: Այսինքն, անհամաչափ ուժ կիրառելով՝ վախի մթնոլորտ է ստեղծվում: Մենք գնում ենք դեպի ոստիկանապետություն եւ ոստիկանն էլ դարձել է մուրճիկ՝ իշխանությունների ձեռքին»,- մինչ նիստի մեկնարկը՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը:
Կարդացեք նաև
Պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Մելիքյանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ այս գործն ընդհանրապես չպետք է լիներ, եթե այս գործը կա, ապա դատավարության ընթացքում պաշտպանական խնդիրն է ցույց տալ, որ պարզապես աբսուրդային է նման վարույթ իրականացնելը: «Մենք ունենք 10 ամբաստանյալ, որոնցից որեւէ մեկը այս գործով անազատության մեջ չէ: Նարեկ Մանթաշյանն անազատության մեջ է, բայց մեկ այլ գործով: Նրանց օրինակով պետք է ցույց տալ, որ քրեական դատավարության միակ պրոբլեմն այն չէ, որ մարդիկ կարող են անազատության մեջ հայտնվել։ Միայն այն, որ մարդիկ իրենց գործերը թողած՝ գալիս են այստեղ՝ իրենց խաղաղ հավաքը իրականացնելու, այո, նաեւ կոշտ քննադատություն իրականացնելու համար, այն բանն անելու համար, որ գործող իշխանությունները դրա շատ ավելի վատ բաներն էին անում… որեւէ մեկը դատվե՞ց, խուլիգանություն համարվե՞ց, դագաղներ տանելու համար, օրինակ՝ մարդկանց տների մոտ, երեխեքի մոտ խայտառակ անելու, տներ գնալու… Այս ամենը հակառակ արդյունքն է լինելու՝ մենք այստեղ զուտ պաշտպանվողներ չենք»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Գործով ամբաստանյալ Արշակ Սարգսյանն էլ լրագրողներին ասաց, որ որեւէ խուլիգանություն իրենք չեն արել, մեղադրանքն էլ չեն ընդունում. «Անձամբ ես այդ օրը մասնակցել եմ ակցիային, շշերի հետ առնչություն չեմ ունեցել, «հայհոյանք» ասվածը դա հայհոյանք չի եղել՝ դա իր բնութագիրն է: Ցավոք, հայհոյանք չեմ տվել՝ ես բաժանելիս եմ եղել ոստիկաններին ու քաղաքացիներին, որ բախում տեղի չունենա»։ Նա տեղեկացրեց, որ իր գործողությունները կարող են հաստատել որոշ բարձրաստիճան ոստիկաններ եւ տեսանյութերում էլ հստակ երեւում է, որ ինքը կանխում է ոստիկանների ու ցուցարարների հնարավոր բախումը: Գործի նպատակն, ըստ նրա, քաղաքական է. «Փորձ են անում լռեցնել, բայց չի ստացվի: Ես որեւէ քրեական գործով ինձ կաշկանդված չեմ զգալու, որովհետեւ ես հանցանք չեմ կատարում, իմ պայքարն արդար է»:
Գործով մեկ այլ ամբաստանյալ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանն էլ ասաց. «Արդեն աբսուրդի հասնող վիճակի ենք ականատես, երբ ինչ-որ արտահայտություն անելու համար իրավապահները մեղադրանք են առաջադրում։ Երբ փաստաբանն ասում է՝ իսկ կոնկրետ ո՞վ է այս գործով տուժողը եւ միջնորդում են, որ եթե նախաքննությունը որպես տուժող է ճանաչում Նիկոլ Փաշինյանին՝ ներգրավել նրան որպես տուժող, մեղադրանքը պաշտպանող մարմինը սյուրռեալիստական հայտարարություն է անում, որ տուժել է ոչ թե տվյալ անձը, այլ տուժել է նրա կարգավիճակը։ Այսպիսի բան ոչ թե իրավական երկրում, նույնիսկ Հայաստանում այսպիսի բան հնարավոր չէր պատկերացնել։ Մենք հասել ենք այս իրավիճակին»:
Անդրադառնալով դատաքննության ընթացքին էլ՝ Բագրատ Եսայանն ասաց, որ նախորդ նիստերում տեսաապացույցների հետազոտությունը ցույց տվեց, որ առաջին իսկ օրվանից հստակեցված էին անձինք, որոնց պետք էր մեղադրանք առաջադրել. «Դեպքը տեղի է ունեցել կարծեմ ապրիլի 22-ին, մայիսի 3-4-ին մեղադրանք է առաջադրվել 10 հոգու, որոնք որեւէ օբյեկտիվ ապացույցով, որեւէ հակաօրինական գործողությունով չէին կարող, ըստ այդ պահին գոյություն ունեցող ապացույցների, մեղադրվել: Այսինքն, ապացույցները հետագայում են ստեղծվել եւ քանի որ ուրիշ էլ ապացույց չկար, ապացույցը ստեղծվել է ոստիկանության աշխատակցի ցուցմունքի ձեւով: Ընդամենն այդ մի ցուցմունքի հիման վրա պետական մեղադրողը ստիպված է ցուցմունք պաշտպանել՝ 10 հոգու նկատմամբ»:
Քանի որ սույն գործով մեղադրանքը կառուցված է հայհոյանքի վրա, լրագրողներից մեկը նկատեց, որ վերջերս ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական գռեհիկ արտահայտություններ արեց: Բագրատ Եսայանն էլ մեջբերեց նորանշանակ ՄԻՊ-ի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի պահվածքի առիթով. «ՔՊ-ի իրավունքների պաշտպանը, այդ նոր աղջիկը, որը նշանակվել է Արման Թաթոյանից հետո, էլի աբսուրդ հայտարարություն է անում՝ ասելով, որ դա ուղղակի բեւեռացված կարծիքների արտահայտում է եղել: Այսինքն, բառացի հնչող հայհոյանքը՝ պետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, թիվ մեկ քաղաքական ամբիոնից, որն ուղղակի հայհոյանք է, դիտարկվում է, որպես քաղաքական պայքարի ձեւ: Այդ դեպքում, այստեղ ես լրիվ իրավունք ունեմ՝ այդ նույն արտահայտությունը, որը ինձ վերագրվում է եւ, որը ես չեմ հնչեցրել, ամեն րոպե հնչեցնել, որպես քաղաքական պայքարի ընդունելի ձեւ»:
Բագրատ Եսայանը կարծում է, որ ոչ միայն ինքը, այլ հասարակության շատ անդամներ կարող են այդ կերպ վարվել, քանի որ հասարակությունը բեւեռացված է եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ շատ մարդիկ, ոչ թե այդ կարծիքը, այլ գնահատականը, որակումն ու օբյեկտիվ դիտարկումն ունեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ