Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փոքր է հավանականությունը, որ մինչև 2022-ի ավարտը Պուտինին կհեռացնեն իշխանությունից». Բենիամին Պողոսյան

Մարտ 09,2022 17:11

«Փաստացի տեղի է ունենում առնվազն տնտեսական պատերազմ ՌԴ-ի և արևմուտքի միջև: Արևմտյան պետական գործիչները, նույնիսկ երկրի ղեկավարների մակարդակով հայտարարում են, որ իրենց նպատակը Ռուսաստանի տնտեսության ոչնչացումն է»,-«Մեդիա կենտրոնում» «Ռուս-ուկրաինական պատերազմ. հաղթանակի ու պարտության գինը» թեմայով հրավիրված առցանց քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Նա դժվարացավ ասել՝ ինչպիսին կլինի ՌԴ-արևմուտք տնտեսական պատերազմի ավարտը, բայց կարծում է, որ տնտեսագետներն էլ չեն կարող հստակ բան ասել:

Հարցին՝ ՌԴ-ի համար ներքաղաքական առումով ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը, Բենիամին Պողոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այնտեղ կտրուկ փոփոխություններ լինեն: Արևմուտքը երկու սցենարի վրա է շեշտը դնում. պալատական հեղաշրջում, երբ ՌԴ-ի ֆինանսական էլիտան, գումարած որոշակի ռազմական էլիտա` կփորձեն պալատական հեղաշրջում իրականացնել և Պուտինին կհեռացնեն նախագահի պաշտոնից: Սա արևմտյան սցենարներից մեկն է: Հուսով եմ, որ այս պատժամիջոցները, որոնք անմիջապես հարվածում են ազդեցիկ մարդկանց ՌԴ վերնախավում, կհանգեցնեն նրան, որ այդ վերնախավը կփորձի պալատական հեղաշրջում իրականացնել:

Եվ երկրորդը. մի փոքր երկարաժամկետ արևմտյան սցենարն է, որ տնտեսական պատժամիջոցներն էականորեն կնվազեցնեն միջին ռուսաստանցու կենսամակարդակը, որն առանց այդ էլ չէր փայլում իր բարձրությամբ: Եթե Պուտինը իշխանությունից չհեռանա պալատական հեղաշրջմամբ, մյուս սցենարն այն է, որ նա հեռանա զանգվածային բողոքի ցույցերով, ինչպես արևմուտքում են ասում, սովածների ցույցերով:

Իհարկե, ոչինչ չի կարելի բացառել, բայց իմ գնահատմամբ՝ գոնե առայժմ այս երկու սցենարների հավանականությունը բավականին փոքր է: Բավականին փոքր է հավանականությունը, որ գոնե ամիսների ընթացքում կամ մինչև 2022-ի ավարտը Վլադիմիր Պուտինին կհեռացնեն կամ պալատական հեղաշրջմամբ կամ տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր սովյալների բունտի արդյունքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031