Այսօր Երևանի պետական համալսարանում կայացել է հանդիպում, որի շրջանակում ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակում ընձեռված ժողովրդագրության մագիստրոսական ծրագրի մանրամասները։
Քննարկմանը մասնակցել են ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։
Անդրադառնալով ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ պետության կողմից նախատեսվող բարեփոխումներին և սահմանված առաջնահերթություններին՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է ոլորտում առկա հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված առավել նպատակային միջոցառումների իրականացումը․ «Ժողովրդագրական գործընթացն ու առկա մարտահրավերներն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում են։ Նախաձեռել ենք ոլորտի համապարփակ ռազմավարության մշակում իրականացնել, որի շրջանակում արձանագրել ենք, որ Հայաստանում ժողովրդագիրների պակաս կա»,- նշել է նախարարն՝ ընդգծելով ոլորտում նոր մասնագետների ներգրավման անհրաժեշտությունն, ինչին էլ կկարողանա նպաստել մագիստրոսական ծրագրի ներդնումը։
Կարդացեք նաև
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ կրթական նոր ծրագիրը հնարավորության կտա ոչ միայն որակյալ մասնագետներ ներգրավել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերում, այլև ապահովել լավագույն շրջանավարտների զբաղվածությունը։
Ներկայացնելով ոլորտում առկա մարտահրավերների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը շեշտել է մասնագիտացված հաստատությունների և միջազգային փորձագետների հետ համագործակցության ու լավագույն փորձի տեղայնացման անհրաժեշտությունը։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալ և քննարկել կրթական ծրագրի մանրամասները։
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ