ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաներին։ Նա նշել է՝ փաստերը վկայում են այն մասին, որ Կիեւը ռազմա-կենսաբանական ծրագրեր է իրականացրել ԱՄՆ ֆինանսավորմամբ։ «Եվ խոսքը գիտական, խաղաղ նպատակներով կենսաբանական մշակումների մասին չէ, նրանց աջակցել է ԱՄՆ ՊՆ-ն»,-ասել է Զախարովան։
«Մենք հիշում ենք, թե նրանք (նկատի ունի ԱՄՆ, Ն․Բ․) քանի տարի է եւ ինչ արյունալի հետեւանքներով կենսաբանական զենք էին փնտրում ամբողջ աշխարհում, բայց իրականում օկուպացնելով եւ մարդկանց սպանելով։ Պարզվում է՝ ճիշտ տեղում չէին փնտրում։ Մենք ձեր փոխարեն գտել ենք։ Ձեր մշակումները, ձեր կենսաբանական նյութերը, որոնք մշակվել են, այդ թվում՝ ռազմական նպատակներով, պարզվում է Ուկրաինայում էին։ Ի՞նչ էիք անում այնտեղ, սա այլ աշխարհամաս է, ձեզ հետ սահմաններ էլ չունի»,-նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ փաստերն անհերքելի են, ուստի ՌԴ-ն պահանջում է մանրամասներ ներկայացնել․«Աշխարհը պետք է իմանա՝ ի՞նչ էիք պատրաստվում անել, ի՞նչ նպատակներով եւ ի՞նչ ժամկետներում, ի՞նչ ծավալի էին Ուկրաինայում կենսաբանական ակտիվության ներդրումները։ Բարի եղեք, տվյալներն ու փաստաթղթերը դրեք սեղանին։ Խաղն ավարտված է»։
ՌԴ-ն, ըստ ԱԳՆ ներկայացուցչի, հարցադրում է անում՝ արդյոք Ուկրաինայի լաբորատորիաներում պահվող կենսաբանական նյութերը ոչնչացվել են, ում ձեռքն են դրանք ընկել, ինչպե՞ս է այդ ամենը ոչնչացվել․ «Ոչնչացրե՞լ են, թե՞ ոչ։ Եվ ինչպե՞ս կարելի է դրանք ստուգել։ Արդյոք չեն ընկել ծայրահեղականների, ազգայնականների ձեռքը։ Ո՞վ կտա այդ երաշխիքները»։
Կարդացեք նաև
Այսօր ռուս-ուկրաինական պարտերազմի արդեն 14-րդ օրն է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ