Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սերոբյան. «Տղաների մրցելույթներից միանշանակ գոհ եմ»

Մարտ 09,2022 16:45

Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ մեր ընտրանու անդամներ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Արթուր Ավետիսյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված ասուլիսում պատմեցին Գերմանիայում եւ Քաթարում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլերին մասնակցության մասին:

Հակոբ Սերոբյանն ասաց, որ հավաքականի անդամների առջեւ դրված գլխավոր խնդիրը աշխարհի առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ վարկանիշային միավորներ ձեռք բերելն էր, ինչը պահանջվում է առաջին անգամ: Եվ ուրախությամբ նշեց, որ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը արդեն այդ իրավունքը նվաճել են, իսկ Մերդինյանն ու Ավետիսյանն էլ կաշխատեն միավորների պակասը համալրել Կահիրեում կայանալիք երրորդ փուլում: Վերջին փուլը նշանակված է Բաքվում, որին, հասկանալի է, մեր մարմնամարզիկները չեն մասնակցի: «Ես միանշանակ գոհ եմ տղաների մրցելույթներից: Միայն երիտասարդ Գագիկ Խաչիկյանը վատ հանդես եկավ: Այսինքն, չարեց այն, ինչ սովորաբար անում է»,- ասաց մասնագետը:

Հարություն Մերդինյան

Հավաքականի ամենափորձառու անդամը՝ Հարություն Մերդինյանը, որը Դոհայում նժույգթափերում արժանացել է բրոնզե մեդալի, ասաց․ «Մարզիչներն իմ առջեւ ինչ առաջադրանք դրել էին՝ կատարել եմ: Ուրախ եմ, որ կարողացա բրոնզ նվաճել, բայց ավելի ուրախ եմ, որ թիմակից ընկերներս բարելավում են իրենց արդյունքները: Մրցակցությունը միշտ էլ շատ մեծ է լինում: Բայց ես միշտ աշխատել եմ կատարել իմ առջեւ դրված առաջադրանքը: Իսկ թե դրանից հետո վերջնական ինչ արդյունք կգրանցվի՝ ցույց է տալիս տվյալ մրցումը»:

Արթուր Դավթյան

Կոդբուսում եւ Դոհայում հենացատկերում ոսկե մեդալ նվաճած Արթուր Դավթյանը նշեց. «Առաջին անգամ էր, որ մի մրցավայրից անմիջապես մյուսն էինք գնում: Երկու մրցումներն էլ իմ համար շատ հաջող դասավորվեցին: Ցատկերս մաքուր կատարեցի, թեեւ շտկելու բաներ դեռեւս կան: Մենք, իհարկե, գիտենք, թե ովքեր են լինելու մեր մրցակիցները եւ ում հետ ենք պայքարելու: Բայց ամենակարեւորն այն է, որ կարողանանք ինքներս մեզ հաղթել եւ մարզիչների դրած առաջադրանքները հստակ կատարել: Իսկ թե այդ առաջադրանքները կատարելը մեզ ինչ կտա, դա ամենից լավ գիտեն եւ ամենից ճշգրիտ հաշվարկում են մարզիչները»:

Հակոբ Սերոբյանը հավելեց, որ իր համոզմամբ՝ օլիմպիական այս շրջափուլը Արթուր Դավթյանինն է: «Բոլորդ հաստատ հետեւել եք եւ գիտեք, որ օլիմպիական խաղերի չեմպիոնը վաստակել էր 14.866 միավոր: Արթուրը Կոդբուսում վաստակեց 14.983, իսկ Դոհայում՝ 15.033 միավոր»,-ասաց մարզիչը:

Արթուր Ավետիսյան

Օղակների վրա արծաթե մեդալի արժանացած Արթուր Ավետիսյանը խոստովանեց, որ Գերմանիայում ինքը սխալ է թույլ տվել վարժությունը կատարելիս: «Սակայն Քաթարում վարժությունը լավ կատարեցի: Գոհ լինել, թե ոչ՝ մարզիչները պիտի ասեն: Մի բան հաստատ է. ավելացնելու տեղ միշտ էլ կա: Առջեւում էլի մեկնարկներ կան եւ մենք աշխատելու ենք առավելագույն չափով հաջող մասնակցել»,- ասաց մարզիկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031