Լրահոս
Օրվա լրահոսը

Գինու պատմության թանգարան՝ Արագածոտնում

Մարտ 09,2022 16:55

Հայաստանյան թանգարանների շարքին ավելացավ ևս մի անուն՝ Հայաստանի Գինու պատմության թանգարանը, որը ճիշտ է՝ մի քանի ամիս է, ինչ բացվել է, բայց արդեն հասցրել է ընդունել հազարավոր զբոսաշրջիկների։

8 մետր գետնի տակ գտնվող այս թանգարանում պահվում են բացառիկ ցուցանմուշներ, գինու մասին մատենագիտական տեղեկատվություններ և ազգագրական նյութեր։

Թանգարանի կենտրոնական ցուցասրահ հասնելու համար նախ պետք է Մհերի դռնից ներս մտնել․ Վանում գտնվող այդ կոթողի նախատիպով էլ կառուցվել է նորաբաց թանգարանի մուտքը, որն ուրարտական գետնուղով տանում է դեպի քարանձավակերտ ցուցասրահ, ճիշտ եւ ճիշտ այն միջավայրը, որտեղից ծնունդ է առել գինին։

Թանգարանն ունի 10 բաժին․ ամեն ինչ սկսում է սկբից՝ Առատաշենում հայտնաբերված խաղողի ածխացած կորիզից, հետո Արենի հնավայր, նախաքրիստոնեական ցուցանմուշներ, կարասային թաղում, պաշտամունքային կուռքարձաններ, ուրարտական կարասներ եւ հասնում մինչեւ 20-րդ դար՝ Փարաջանովի «Նռան Գույնը» ֆիլմից դուրս մնացած բացառիկ կադրեր ու Գարեգին Նժդեհի գավաթ։


Թանգարանը ոչ միայն ճարտարապետությամբ է տարբերվում մյուսներից, այլ նաև ձևաչափային առանձնահատկությամբ։ Ինտերակտիվ ցուցասրահներում թույլատրվում է շրջել գինու գավաթը ձեռքին, ցանկության դեպքում կարելի անգամ աղանդեր ճաշակել՝ հայկական ավանդական քաղցրավենիք համակցված գինու հետ։

Հայաստանի գինու պատմության թանգարանի կենտրոնական ցուցասրահից երկու թունել է բացվում, մեկը՝ ժամանակավոր ցուցադրությունների սրահն է, մյուսը Փարաջանովի ճեմուղին․ Կենտրոնական էկրանին «Նռան գույնը ֆիլմի» գինու եւ խաղողի հայտնի տեսարաններն են, իսկ աջ ու ձախ մասում ցուցադրվում են խորհրդային շրջանում ֆիլմից դուրս մնացած եւ վերջերս վերականգնված կադրերը։ Գինու պատմության թանգարանը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ նախագծի շրջանակում ձեռք է բերել ցուցադրության բացառիկ հնարավորություն։



Թանգարանն այժմ մի քանի նոր նախագծեր ունի՝ մանկական երգչախումբ, որի փորձերն արդեն սկսել են, եւ միջնադարյան հնձանի կառուցում։ 300 քմ տարածքով հնձանը ծառայելու է ոչ միայն գինի ստանալու գործընթացի կիրառական ցուցադրության, այլ նաև մշակութային ու գիտական միջոցառումներ անցկացնելու համար։

Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031