Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության մեր պատկերացումները համարժեք են ու դա չի համընկնում ձեր եւ ձեր հեռուստաընկերության ղեկավար կազմի պատկերացումների հետ». Անդրանիկ Քոչարյան

Մարտ 09,2022 16:27

«Շատ վատ են իրենց պահում»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսպես արձագանքեց, երբ լրագրողները փոխանցեցին, թե ինչ հոգեբանական ճնշում են գործադրում ադրբեջանցիները ՀՀ սահմանագծին՝ բարձրախոսներով հայտարարելով, թե դուրս եկեք, սա մեր տարածքն է:

Քոչարյանի խոսքով՝ աշխարհն անհանգիստ է, ու պետք է այսօր քննարկենք ոչ թե իրենց վատ պահելը, այլ՝ թե մենք ինչ կարող ենք անել, որ դա չլինի. «Կրակոցներն ուղղված են եղել դպրոցի ուղղությամբ ու մեկ ականանետային ական եղել է մեր թիկունքի մասում: Վիրավորներ, զոհեր չունենք: Ինչ վերաբերվում է գազատարին, այո՛, գազատարը վնասված է ու քանի որ հրադադարի պահպանման ռեժիմում պատասխանատուն, նաեւ երաշխավորը ՌԴ-ն է, որն այլ անհանգիստ վայրում գործողությունների ակտիվ փուլում է գտնվում, գուցե դրանից օգտվելով՝ հակառակորդը դժվարություններ է փորձում առաջացնել նաեւ արցախյան հատվածում»:

Հարցին՝ այսինքն Ադրբեջանը դիվերսիա է կազմակերպում ռուս խաղաղապահի դե՞մ՝ նա արձագանքեց. «Ես չգիտեմ ինչ են անում, բայց փաստն արձանագրենք, որ գազատարը վնասված է: Ամենայն հավանականությամբ այդ խնդիրները երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները»: Թե ո՞ւմ երկխոսության մասին է խոսքը, նա պարզաբանեց՝ ՌԴ-ի եւ Ադրբեջանի, իսկ թե հայկական կողմն ի՞նչ անելիք ունի, նա ասաց. «Արցախի հանրապետության ղեկավարությունն ունի իր մասնակցությունը, ենթադրում եմ»:

Հարցին՝ այս իրավիճակում համարժե՞ք են մեր պատկերացումները խաղաղության մասին՝ Քոչարյանը պատասխանեց. «Այո, համարժեք են ու դա չի համընկնում ձեր եւ ձեր հեռուստաընկերության ղեկավար կազմի պատկերացումների հետ: Մենք գնում ենք խաղաղության»:

Քոչարյանը նաեւ ասաց, որ կառավարության ծրագրում ամրագրել են, որ պետք է կառուցել այն բանակը, որը կզսպի հակառակորդի ագրեսիան. «Սահմանային ամեն մի դեպքը պետք է ուսումնասիրվի, որովհետեւ դա խախտում է այն տրամաբանությունը, որի շուրջ կա հստակ հրադադարի պահպանման պայմանավորվածություն: Խախտման ամեն մի դեպքը պետք է ուսումնասիրվի եւ մեղավորները պետք է պատժվեն՝ անկախ նրանից՝ մե՞նք ունենք մեր մեղքի բաժինը, թե՞ հակառակորդն ունի»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ խաղաղություն չի նշանակում զիջել դիրքերը. «Խաղաղություն նշանակում է հասնել խաղաղության, որ ամեն մեկի մտքով չանցնի այսօր սնայպերի հրաման տա, կրակեն եւ դրա համար պատասխանատվություն չկրեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031