Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ խնդրել է փակել Ուկրաինայի երկինքը, և շնորհակալություն է հայտնել Լեհաստանին «այլընտրանքի»՝ Ուկրաինային մարտական ինքնաթիռներ տրամադրելու պատրաստակամության համար:
«Խնդիրը լոգիստիկան է: Ըստ էության, տեխնիկական հարց է: Այն պետք է լուծել: Անհապաղ: Կա Լեհաստանի պաշտոնական որոշումը՝ ինքնաթիռները տեղափոխել համապատասխան բազա՝ ամերիկյան բազա: Մենք նաև ունենք հաստատում, որ այդ հարցում ամերիկյան կողմը Լեհաստանի հետ ունի ձեռք բերված պայմանավորվածություն: Բայց այդուհանդերձ մենք լսում ենք, որ Լեհաստանի առաջարկն իբրև թե հիմնավորված չէ: Եվ դա ասում են Վաշինգտոնում: Իսկ ե՞րբ կլինի այդ որոշումը: Լսե՛ք, մեզ մոտ պատերազմ է: Սա ձեզ համար պինգ-պոնգ չէ: Խոսքը մարդկային կյանքերի մասին է: Մենք ևս մեկ անգամ խնդրում ենք. լուծե՛ք այդ հարցը հնարավորինս արագ: Ձեր վրայից մի գցեք պատասխանատվությունը, այլ մեզ ինքնաթիռներ ուղարկեք»,- ասել է Զելենսկին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ