Շուրջ 18 տարի, «KarenSevak Production» բրենդը հայկական երաժշտական ասպարեզում իր ուրույն տեղն է զբաղեցնում։ Ոլորտում դժվար է գտնել գործող մի արտիստի, ով գոնե մեկ անգամ չի աշխատել երաժիշտներ Կարեն Համբարձումյանի ու Սևակ Մելքոնյանի հիմնադրած երաժշտական ընկերության հետ։ Նրանց հետ համագործակցության արդյունքում յուրաքանչյուր ստեղծված երգ դառնում է հիթային կամ՝ հաղթանակ բերում կատարողին՝ միջազգային ամենատարբեր մրցույթներում։ Մեզ հետ զրույցում «KarenSevak Production»-ի համահիմնադիր, երաժիշտ-գործիքավորող, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Սևակ Մելքոնյանն ասաց, որ դրանում միակ գաղտնիքն իրենց աշխատանքի հանդեպ տածած անսահման սերն է, որ ներդնում են յուրաքանչյուր ստեղծած հնչյունում։
– Սևակ, երկրի համար դժվարին ժամանակներում, երբ կարծես թե մշակույթը մղվել է վերջին պլան, Դուք անդադար ստեղծագործում եք ու համագործակցում հայ անվանի արտիստների հետ։ Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր գրագետ գործունեությամբ պայքարում եք ժամանակակից ոչ մշակութային պահանջների դեմ, ցույց տալով իրական, հայկական երաժշտարվեստը, թե՝ պարզապես Ձեր գործով եք զբաղվում։
– Ճիշտ է, պատերազմի ժամանակ էլ էինք ստեղծագործում ու գործիքավորումներ անում, բայց իրականում այդ ստեղծագործություններն ու գործիքավորումները ոչ միայն պայքար էր ժամանակակից աղավաղված երաժշտության դեմ, այլ պարզապես երգեր էին, որոնք ստեղծվում էին ազգային ոգին բարձր պահելու համար։ Իսկ ընդհանրապես, ազգային գործերը մեր երաժշտական գործունեության ընթացքում մշտապես են եղել մեր ուշադրության կենտրոնում։ Այո, այս դժվարին օրերին մեր ազգային գործերը պրոպագանդելու ու նոր սերնդի շրջանում տարածելու խնդիր ունենք։
Կարդացեք նաև
-Ո՞րն է գաղտնիքը, որ «KarenSevak Production»-ի ստեղծագործությունները և գործիքավորած երգերը ոչ միայն հիթեր են դառնում, հաջողություն ու ճանաչում են բերում տվյալ արտիստին, այլ բերում են հաղթանակ։ Օրինակ՝ վերջերս Ձեր ու Կարենի համատեղ հեղինակած երաժշտությամբ «Կուզես» երգը, «Նոր ալիք» մրցույթում հաղթանակ բերեց Սարո Գևորգյանին։
– Ի դեպ, հավելեմ, որ դրանից առաջ՝ 2017 թվականին, կրկին «Նոր ալիք» մրցույթում, մեր գործիքավորմամբ Անատոլի Դնեպրովի «Արմենիա մոյա» երգը նույնպես հաղթանակ բերեց մրցույթում Հայաստանը ներկայացնող «Voices of Artsakh» նախագծի երգչուհի Էռնա (Միր) Միրզոյանին՝ ստանալով ժյուրիի առավելագույն միավորները։
Իրականում մեր գործիքավորումներում թաքնված գաղտնիք չկա, պարզապես մեր գործն անում ենք սիրով, իսկ ցանկացած երգչի, ստեղծագործության շատ լուրջ ենք մոտենում։ Առաջին հերթին, ամեն ինչ անում ենք, որ նախ մեզ դուր գա, հետո նոր երգչին ու հանդիսատեսին։ Գուցե դա էլ մեզ տրված շնորհ է, որ մեր մասնակցությամբ գործերը հաղթանակներ են բերում կատարողներին։ Այս ամենում մի կարևոր հանգամանք էլ կա, երգերը դառնում են հիթային կամ հաջողություն են բերում արտիստին ոչ միայն ճիշտ գործիքավորման շնորհիվ, այլ այստեղ կարևոր է նաև երգչի հանգամանքը։ Այսինքն, որքան էլ մենք լավ գործիքավորենք երգը, երգչի կատարումից շատ բան է կախված։
– Ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ հայկական էստրադայի մի քանի արտիստների հետ Ձեր համագործակցությունը հաճախակի է, օրինակ՝ Սարո Թովմասյան, Ռազմիկ Ամյան․․․ որովհետև նրանք մշտապես ակտիվ ե՞ն, թե՝ առավել տաղանդավոր։
– Մեզ համար ընտրված երգիչներ չկան։ Մեր գործունեությունը հաճախակի է ոչ միայն Սարոյի ու Ռազմիկ Ամյանի հետ, այլ նաև Արման Հովհաննիսյանի, Արամեի, բոլոր այն երգիչների, որոնց հետ մենք աշխատում ենք։ Հիմնականում, տարվա կտրվածքով աշխատում ենք այնքան, որքան իրենք ցանկանում են կամ դիմում են մեզ։
– Հայկական երգարվեստում բոլորն էլ իրենց պահանջներն ու մոտեցումներն ունեն, գրեթե բոլորի հետ էլ համագործակցություն ունեցել եք, ո՞ւմ հետ է առավել հեշտ աշխատելը։
– Սկզբնական շրջանում ուզում էինք հասկանալ, թե ում հետ է հեշտ, կամ ում հետ է դժվար աշխատելը, բայց տարիների ընթացքում արդեն ձևավորվեց բոլորի մասին մեր կարծիքները։ Ովքեր դիմում են մեզ ստեղծագործելու կամ որևէ գործ գործիքավորելու, մենք մի գաղափար ենք առաջ բերում՝ ուզում ենք միասին մի լավ բան ստեղծել։ Այստեղ արդեն ամբիցիաներ կամ որևէ սկզբունքներ առաջ տանելու հարց չի առաջանում, բոլորս միասին սևեռվում ենք լավ գործ ստեղծելու ուղղությամբ և, արդյունքը տեսնում եք (ժպտում է,- հեղինակ)։
– Լուսահոգի Արթուր Գրիգորյանի հետ Ձեր համատեղ աշխատանքը՝ «Մինչև վերջ» երգը, ցավոք եղավ մաեստրոյի վերջին գործերից մեկը, ի՞նչ կպատմեք այդ համագործակցության ընթացքի, այդ օրերի, կամ հենց Արթուր Գրիգորյանի մասին։
– «Մինչև վերջ» երգը ես ու Կարենը ստեղծել ենք Քառօրյա պատերազմի ժամանակ՝ 2016 թվականին։ Սկզբնականում, այն կատարեցին սկսնակ երգիչներ, որոնք այն ժամանակ դեռ հայտնի չէին հանրությանը։ Երբ Արթուր Գրիգորիչը լսեց երգը, շատ հավանեց, միշտ ասում էր, որ շատ է սիրում այդ երգը։ 2020 թվականին էր՝ վերջին պատերազմից առաջ, մի օր նա ասաց, որ ուզում է երգել այդ երգը։ Իհարկե, մեզ համար մեծ պատիվ էր, նախ, որ Արթուր Գրիգորյանը սիրել էր երգը և հետո՝ ցանկանում էր կատարել այն։ Այդպես, շատ արագ անցանք գործի, միասին ձայնագրեցինք երգը, ապա երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանեցինք։ Երգի և՛ ձայնագրման, և՛ նկարահանման ընթացքում մաեստրոյի ապրումները տեսնելով, նրա զգացմունքային ու ապրված կատարողականության շնորհիվ մենք մեր ստեղծած երգը նորովի բացահայտեցինք։
– Սևակ, թեպետ անհնար է Ձեզ ու Կարենին առանձին ստեղծագործելիս կամ կատարելիս պատկերացնել, բայց կգա՞ մի օր, որ առանձին հանդես կգաք որպես անհատ երաժիշտ։
– Իրականում երկուսս էլ անհատ երաժիշտ-կատարողներ ենք, բայց մեր միության արդյունքում ունենք տարբերվող ոճ ու պահանջված ենք ոլորտում։ Թող մեծամիտ չհնչի, բայց ա՛յ հենց դրա համար է, որ հայկական էստրադայի արտիստների հետ մեկ անգամ աշխատանքը դառնում է շարունակական ու տարվա ընթացքում մի քանի հիթային երգեր ենք թողարկում։ Երաժշտության ոլորտում իմ հիմնական ձեռքբերումներն ունեցել եմ Կարենի հետ համատեղ աշխատանքի ընթացքում։ Անկեղծ ասած, չեմ պատկերացնում թե կգա մի օր, որ կուզենամ մենակ հանդես գալ, նույնն էլ, կարծում եմ, Կարենը։ Եվ, հետո, Աստված չանի, որ այդ օրը գա (ժպտում է,- հեղինակ)։
– Իսկ առաջիկայում ի՞նչ նոր ծրագրերի ու համագործակցությունների ականատես կլինի հայ երաժշտասեր հանրությունը։
– Առաջիկայում ունենք «Կարեն-Սևակ» ստեղծագործական նոր ձայնասկավառակը, որը պատրաստ կլինի ամիսներ հետո։ Համերգների ծրագրեր կան Երևանում, Լոս Անջելեսում, որոնց մասին մեր արվեստի երկրպագուները կտեղեկանան նախապես։ Այնպես որ, Աստված մի արասցե, եթե նոր համավարակային կամ պատերազմական խոչընդոտներ չլինեն, ապա գնում ենք դեպի Կարեն-Սևակի մեծ մենահամերգի իրականացմանը, որի մասին վաղուց ենք մտածել։
Զրուցեց Լիլիթ ՄԱԿԱՐՅԱՆԸ