Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«1 տարի անց գուցե նոր ծխախոտատեսակ մտնի շուկա, եւ կարիք լինի նոր փոփոխության»․ փոխնախարարը հիմնավորում է նոր արգելքը

Մարտ 09,2022 13:33

«Գուցե բացօթյա սննդի կետերի հետ կապված ժամային փոփոխությո՞ւն անեք, ասենք՝ երեկոյան ութից հետո թույլատրելի լինի։ Բացի այդ, այս օրենքը Կենտրոն վարչական շրջանից դուրս գործելո՞ւ է, թե՞ ոչ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանից հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նանուշյանը պատասխանեց, որ տարբերակված մոտեցում հնարավոր չէ, օրենքը վերաբերելու է նաեւ մարզերին։

Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ կարգով քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու հարցը․ ըստ առողջապահության նախարարության՝ հանրային սննդի բաց եւ փակ օբյեկտներում մարտի 15-ից արգելվող ծխախոտի եւ ծխախոտի փոխարինիչների շարքում պետք է դասել նաեւ «նոր ի հայտ եկած արտադրատեսակները»՝ նրանք, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։

«Երբ այս դահլիճում քննարկում էինք օրենքը, հարցադրում էր հնչում դրա կիրառելիության մասին։ Շեշտեմ, որ որոշ դրույթներ արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են, օրինակ՝ ծխախոտի հրապարակային ցուցադրման արգելքը։ Վերահսկողություն կա։ Երեւի դուք էլ նկատած կլինեք, որ խանութներում կիրառվում է օրենքը , եւ դա կախված է ոչ միայն վերահսկողությունից, այլեւ հանրային գիտակցության, իրազեկման աշխատանքից, որի ուղղությամբ միշտ աշխատում ենք, մոնիթորինգ ենք անում, տնտեսվարողներին բացատրում ենք օրենքի ճիշտ կիրառությունը։ Վստահ եմ, որ մարտի կեսից օրենքը կկարողանանք լիարժեք կիրառել։ Վրաստանն ու ՌԴ-ն, օրինակ, ամիսներ անց 95%-ով կիրառելիություն են ունենում»,-շեշտեց Լենա Նանուշյանը։

Սիսակ Գաբրիելյանը նկատեց․ «Վրաստանում բայց բացօթյա տեղերում ծխելու արգելք չկա»։ Լենա Նանուշյանն արձագանքեց․ «Կան այլ երկրներ, օրինակ՝ ՌԴ-ն, որտեղ արգելված է։ Մենք պնդում ենք սա, որ տարբերակված մոտեցում չլինի ռեստորանների միջեւ։ Հենց տնտեսվարողներն են ասել, որ տարբերակված մոտեցում չպետք է լինի»։

Ապա «Հայաստան» դաշինքից Թադեւոս Ավետիսյանը բարձրաձայնեց՝ հիմա հեղուկ եւ պինդ նյութերի մասին ենք խոսում, բայց գիտությունը վաղը կարող է նաեւ գազային նյութեր ստեղծել․ «Նման հարցերը պետք է ձեւակերպվեն այդ համատեքստում։ Եթե ուզում եք սահմանափակել, այդպես ձեւակերպեք։ Երբ ասում եք, որ մասնագետների հետ եք քննարկել, այդ ո՞ր մասնագետներն են զբաղվում ծխախոտով եւ դրա տեսակներով»։ Լենա Նանուշյանն արձագանքեց․ «Մենք էկոնոմիկայի նախարարության հետ ենք քննարկել եւ իրենք են ասել, որ շուկայում կա նոր արտադրատեսակ, որը դուրս էր մնացել օրենքից»։

Թադեւոս Ավետիսյանը հստակեցրեց հարցադրումը․ «Համոզվա՞ծ եք, որ տվել եք այնպիսի ձեւակերպում, որ հինգ ամիս հետո նոր արտադրատեսակի ի հայտ գալուն պես նորից չենք քննարկի սա։ Լավ չեք քննարկել, ընդհանրական լուծում կարող էիք բերել»։ Լենա Նանուշյանը պատասխանեց․ «Ճիշտ եք նկատել, որ նոր արտադրատեսակներ են ի հայտ գալիս շուկայում, որովհետեւ աշխարհում ծխելու դեմ պայքարը մեծ ծավալ է ընդունում, ու ծխախոտային բիզնեսն էլ նոր արտադրատեսակներ է շրջանառում։ Հնարավոր չի հինգ ամիսը մեկ փոփոխություն մշակել, որովհետեւ արտադրատեսակներն այդքան արագ ի հայտ չեն գալիս։ Ամեն դեպքում, քննարկում ենք վտանգավորության աստիճան ունեցող տեսակները։ Հնարավոր է, որ մեկ տարի անց նոր տեսակ մտնի շուկա, եւ կարիք կլինի նոր փոփոխության»։

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նախ շեշտեց, որ ինքն ու որդիները չեն ծխում, ծխելը կրճատում է մարդու կյանքը, բայց գուցե կարիք կա՞ տնտեսվարողների համար ժամկետ սահմանել, որ չտուժեն։ Լենա Նանուշյանը պատասխանեց, որ այս պահին չկա գնահատական տնտեսվարողների հնարավոր կորուստների մասին, բայց եթե ծխախոտի մի տեսակն արգելվում է, մյուսը՝ ոչ, վնասակարությունը հարցականի տակ է դրվում, որովհետեւ այս նախագիծը հանրային առողջությանն է միտված։

Հավելենք, որ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Կողմ է քվեարկել 67, դեմ՝ 2 եւ ձեռնպահ՝ 29 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը մինչեւ քվեարկությունը հայտարարեց, որ իրենք կողմ են արտահայտվելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031