Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները հոգեբանական գրոհ են սկսել՝ բարձրախոսներով մուղամ են դնում ու հայտարարում, թե սրանք մեր հողերն են. Տիգրան Աբրահամյան

Մարտ 09,2022 13:14

«Հատկապես վերջին 10 օրը շփման գծի տարբեր ուղղություններով, ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի, Ադրբեջանը դիմում է տարբեր բնույթի սադրանքների: Մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ կան որոշակի մտահոգություններ ու վարկածներ: Ադրբեջանը թույլ չի տալիս տեղում վերականգնողական աշխատանքներ իրականացնել, նաեւ տեղում որոշակի իրավապահ մարմինների գործառույթների շրջանակներում աշխատանքներ իրականացնել ու դեռեւս վերջնական եզրահանգում չկա: Բայց մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն է արել, քանի որ գազատարի վերահսկողությունը ադրբեջանական զորքերի հատվածում է ու այդ ահաբեկչական գործողությունը կարող էին նրանք անել. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանագծի Երասխի հատվածում ունեցել ենք ադրբեջանական կողմից իրականացված ագրեսիա, որի արդյունքում ունենք մեկ զոհ, մեկ վիրավոր Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, ինչպես նաեւ Մարտունու շրջանի Նոր Շեն հատվածում։ Թաղավարդ գյուղի հատվածում Ադրբեջանը դրսեւորում է տարբեր բնույթի սադրանքներ, որոնք սկսվում են հրաձգային նետերից արձակված կրակահերթերով, փոքր հրետանու ականանանետի կիրառմամբ, ինչպես նաեւ հոգեբանական գրոհի կիրառմամբ, որը արտահայտվում է բարձրախոսների միջոցով հայկական բնակավայրերի ուղղությամբ մուղամների եւ նաեւ զգուշացնող հայտարարությունների տարածումով: Այդ հայտարարությունների հիմքում դրված է հետեւյալ միտքը, որ դուք պետք է հեռանաք այս հատվածներից, որովհետեւ սրանք մեր հողերն են, թե չէ հակառակ դեպքում վաղ թե ուշ մենք դա անելու ենք ուժի կիրառման միջոցով: Ընդ որում, բարձրախոսներից բացի՝ ադրբեջանցի զինվորները տարբեր ուղղություններով գոռում են, որ մենք վաղ թե ուշ մտնելու ենք եւ բոլորիդ կոտորելու ենք: Այսինքն, կա հստակ Ադրբեջանի կողմից իրականացնող համակարգային գրոհ Արցախի ուղղությամբ առաջին հերթին, որը ստանում է գրոհի տարբեր բնույթներ՝ ռազմականից մինչեւ հոգեբանական, նաեւ տնտեսական, որն արտահայտվում է գազատարի պայթյունով եւ այս ամենի մասին ՀՀ իշխանությունների կողմից որեւէ արձագանք չի եղել»:

Տիգրան Աբրահամյանը նաեւ ընդգծեց, որ ադրբեջանական ԶԼՄ-ները այս օրերին արշավ են սկսել ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարի նկատմամբ, ինչը պայմանավորված չէ ռուսական ծառայության ոչ արդյունավետությամբ. «Սա տեղավորվում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով: Ադրբեջանական եւ թուրքական մամուլը, որը ներդաշնակեցված է գործում, ամբողջապես աշխատում է հակառուսական քարոզչության տրամաբանության ներքո ու այն քայլերը, որոնք այսօր տեղի են ունենում, նպատակ ունեն հեղինակազրկել ռուսական դերակատարությունը Արցախում եւ առհասարակ Հարավային Կովկասում: Սա նշանակում է, որ որքան այս ճգնաժամը խորանա Ուկրաինայի շուրջ ստեղծված, այնքան հարձակումները ՌԴ-ի նկատմամբ տարբեր մակարդակներով նկատելի են լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031