Լրահոս
Օրվա լրահոսը

Մտերմանալով կալանավորի հետ ՔԿՀ աշխատակիցը փորձել էր կաշառքի դիմաց ալկոհոլային խմիչք փոխանցել նրան

Մարտ 09,2022 13:10

Ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից կաշառքի դիմաց կալանավորված անձին ալկոհոլային խմիչք փոխանցելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը:

Նշված դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 28-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության բաժնի մասնագետը, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության և անվտանգության պահպանման կարգը, Երևան քաղաքում հանդիպել է ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի մտերիմին և վերջինիցս ընդունել կալանավորված անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության՝ արգելված իր հանդիսացող ալկոհոլային խմիչք նշված ՔԿՀ մտցնելու և նրան փոխանցելու համար 100.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու առաջարկը:

2021թ. նոյեմբերի 21-ին գիշերը նրանք կրկին հանդիպել են, ՔԿՀ աշխատակիցը ստացել է 5 հատ 0.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարաներում լցված էթիլ սպիրտ և մեթիլ սպիրտ պարունակող կոնյականման հեղուկները, ինչպես նաև կաշառքի նշված գումարը:

Հերթափոխի օրը աշխատակիցը արգելված իրերը փոխադրել է ՔԿՀ: Սակայն հիմնարկի ծառայողների աչալրջության արդյունքում, նրանց պահանջով ներկայացրել է փաթեթում առկա տարաները, որոնք սահմանված կարգով վերցվել են: Այսինքն` իր կամքից անկախ պատճառներով նա չի կարողացել խմիչքները փոխանցել կալանավորված անձին:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար վերջինիս առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ակնհայտ ապօրինի գործողության համար պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, իսկ կալանավորված անձի մտերիմին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի՝ կաշառք տալու հատկանիշներով:

Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը՝ երկու անձի վերաբերյալ մեղադրանքով, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

Քրեական գործի նյութերով հիմնավորվել է նաև, որ ՔԿՀ աշխատակիցը կալանավորված անձի հետ ձևավորել է մտերիմ հարաբերություններ, տեղեկացրել իր ֆինանսական խնդիրների մասին և վերջինիս պատրաստակամություն է հայտնել իր մտերիմի միջոցով աշխատակցի համար վարկ ձևակերպել:

Այսինքն ՔԿՀ-ի աշխատակիցը անձնական այնպիսի կապեր է հաստատել, որոնք կարող էին խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը: Նման հարաբերություններն ի վերջո նպաստել են նաև հանցանքի կատարմանը:

Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ծառայության նկատմամբ ոչ բարեխիղճ նման վերաբերմունքի դրսևորումները կարող են հանգեցնել դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը, նոր հանցագործությունների պատճառ հանդիսանալ՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց աշխատանքում նման հանցավոր դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն, արդյունավետ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել ԱՆ քրեակատարողական ծառայության պետին:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031