Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր արածը շատ անշնորհք, անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի հանդեպ»․ պատգամավորը՝ փոխնախարարին

Մարտ 09,2022 13:02

«Եթե հրատապ էր, ինչո՞ւ շուտ չեք բերել այս նախագիծը։ Եթե կարեւոր էր, ինչո՞ւ երկար ժամանակ չեք հատկացրել այն քննարկելու համար։ Սա խորհրդարանական երկիր է։ Հարգանք պետք է ցուցաբերեք։ Ձեր արածը շատ անշնորհք վերաբերմունք է խորհրդարանի հանդեպ։ Անհարգալից է։ Լուրջ վերաբերվեք։ Ինչո՞ւ չեք կատարում ձեր պարտավորությունները»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին՝ հարցադրումներ արեց «Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ կարգով քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու հարցը․ ըստ առողջապահության նախարարության՝ հանրային սննդի բաց եւ փակ օբյեկտներում մարտի 15-ից արգելվող ծխախոտի եւ ծխախոտի փոխարինիչների շարքում պետք է դասել նաեւ «նոր ի հայտ եկած արտադրատեսակները»՝ նրանք, որոնք պարունակում են նիկոտին, սակայն ոչ թե լուծույթի, այլ «պինդ նյութի» գոլորշիացմամբ են աշխատում։

ՔՊ-ական Բաբկեն Թունյանը նկատեց․ «Հրատապ է, դրա համար այդ ռեժիմով են բերում։ Ընթացակարգն է սահմանում, որ նախագծերը կարելի է ԱԺ ուղարկել հրատապության ռեժիմով։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ հնարավոր չէ սա կազմակերպել ավելի շուտ։ Եթե խնդիրը լուծելու անհրաժեշտություն է ծագել եւ կա ժամկետի խնդիր, եկեք չմեղադրենք կառավարությանը։ Բայց ես էլ եմ համաձայն, որ ցանկացած նախագիծ պետք է առավելագույնը շատ քննարկվի ԱԺ-ի հետ»։

Թունյանը նաեւ նշեց, որ մինչեւ երկրորդ ընթերցումը նախագիծը քննարկվելու է տնտեսական հարցերի հանձնաժողովում․ «Առավոտյան կարող էինք նաեւ հանձնաժողովի նիստ կազմակերպել, բայց մի ժամում չէինք հասցնի քննարկել ամբողջությամբ»։

Ապա «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը հայտարարեց․ «Առողջապահության նախարարությունը թերացել է եւ հեւալով բերել է նախագիծ։ Որեւէ մեկը չի ալարում աշխատել, բայց այսօր հրատապության կարգով պետք է քննարկվեր, օրինակ, Արցախում ստեղծված իրավիճակը․ գազատարը չի գործում, մեր հայրենակիցները երկու օր է՝ ջեռուցում չունեն, իսկ Խրամորթը գնդակոծվում է։ Փոխարենը մեր ԱԳՆ-ն խաղաղության դարաշրջանի արհեստական թեզն է կրկնում»։

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն էլ հետաքրքրվեց՝ մարտի 22-ին ԱԺ նստաշրջան է լինելու, այսինքն՝ օրենքի ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթ էինք ուշանալու, այդ ընթացքում ի՞նչ աղետ կլիներ, եթե այս նախագիծը սպասեր նստաշրջանին։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ելույթում պարզաբանեց՝ քանի որ մարտի կեսից հանրային սննդի բաց եւ փակ տարածքներում արգելվում է ծխախոտի եւ դրա փոխարինիչների օգտագործումը, նոր ի հայտ եկած տեսակների հնարավոր օգտագործումը կբերի խոչընդոտների վերահսկման գործընթացում․ «Վերահսկող մարմինները չեն հասկանա՝ այդ արտադրատեսակներն օրենքի դրույթին համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ։ Անհավասար մրցակցություն չպետք է լինի։ Մի բառ ենք ավելացրել օրենքում՝ «նյութ», եւ կարգելվեն նաեւ էլեկտրոնային, բայց ոչ թե լուծույթով, այլ պինդ նյութով աշխատող եւ նիկոտին պարունակող արտադրատեսակները։ Խոսքն այդ պինդ նյութի գոլորշիացմամբ օգտագործվելու մասին է»։

Արման Եղոյանի հարցի վերաբերյալ էլ փոխնախարարը կրկնեց․ «Քանի որ արգելված չէին լինի, դրանց օգտագործումը հանրային սննդի վայրերում խնդրի առաջ կկանգնեցներ վերահսկողներին։ Այսինքն՝ պարզ չէր լինի՝ այդ արտադրատեսակներն արգելվա՞ծ են, թե՞ ոչ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031