Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասնամյակներ Ուկրաինան լինելու է սիրիական և լիբիական սցենարների միքս». Բենիամին Պողոսյան

Մարտ 09,2022 12:52

«Այն, որ այժմ Ուկրաինայում տեղի է ունենում պայքար ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև, դա փաստ է, բայց դա նաև չի նշանակում, որ Ուկրաինան այստեղ գործոն չէ»,-«Մեդիա կենտրոնում» «Ռուս-ուկրաինական պատերազմ. հաղթանակի ու պարտության գինը» թեմայով հրավիրված առցանց քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Ըստ նրա՝ պրոքսի պատերազմների մասին խոսելիս չպետք է ընկնել ծայրահեղությունների գիրկը: Նա հիշեցրեց Վիետնամն ու Աֆղանստանը, որտեղ ևս ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն պատերազմում էին: Զուգահեռ տանելով Ուկրաինայի հետ՝ նշեց. «Պետք չէ ընկել ծայրահեղության գիրկն ու ասել, որ ուկրաինացիները գործոն չեն, կամ նրանք խաղալիքներ են, զինվորներ խաղատախտակի վրա: Եթե նախորդ պրոքսի պատերազմների պատմությունը վերլուծենք՝ վիետնամականը, որտեղ բախում էր տեղի ունենում Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև, սակայն դա չի նշանակում, որ Վիետնամն իր շահերը չուներ: Կար հյուսիսային և հարավային Վիետնամ, պատերազմը ավարտվեց նրանով, որ ամերիկացիները դուրս եկան այնտեղից, հետո հարավային Վիետնամը պարտություն կրեց: Նույնը Աֆղանստանը: Կային աֆղանցիներ, որոնք պայքարում էին Խորհրդային Միության դեմ կամ աջակցում էին Խորհրդային Միությանը: Դա մյուս կողմից ներաֆղանական պատերազմ էր նաև»:

Խոսելով Ուկրաինայի մասին՝ քաղաքագետն ասաց. «Այն, ինչ տեղի է ունենում, Ուկրաինայի համար ցավալիորեն՝ Ուկրաինան դարձել է ՌԴ- ԱՄՆ հակամարտության տաք կետ, որտեղ հակամարտությունը վերածվել է զինված բախման: Սակայն դա չի նշանակում, որ Ուկրաինան գործոն չէ»:

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ ամեն դեպքում քաղաքական ելք կգտնվի, քանի որ երկու տարբերակ կա. կամ քաղաքական պայմանավորվածություն, կամ բացարձակ կապիտուլյացիա: Սակայն ըստ նրա՝ Ուկրաինան այն չի լինելու, ինչ փետրվարի 23-ից առաջ՝ ոչ տարածքային առումով, ոչ որպես պետություն գործոն լինելու առումով. «Բավականին երկար ժամանակ Ուկրաինան կլինի անկայուն պետություն: Իշխանությունը կլինի Կիևում, թե Լվովում, սակայն իշխանությունը չի վերահսկի իր տարածքների մեծ մասը: Կա զինված ապստամբության, քրեական զգալի անկայունության վտանգ: Եթե բնակչությանը բաժանում ես զենք, հասկանալի է, որ դա չի հայտնվում միայն հայրենասեր անձանց ձեռքին»:

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ տասնամյակներ Ուկրաինան լինելու է սիրիական և լիբիական սցենարների միքս. «Քիչ հավանական եմ համարում, որ այն տարածքները, որոնք վերահսկվում են ռուսական կողմից, իսկ դրանք բավականին մեծ են՝ Խերսոնից սկսած վերջացրած Կիևի շրջակայք, Ուկրաինան կարողանա կրկին վերցնել իր վերահսկողության ներքո: Որոշ քաղաքներ էլ շրջափակման մեջ են. ռուսական զորքերն այդ քաղաքներ չեն մտել, սակայն այդ քաղաքները ռուսական զորքերի թիկունքում են՝ Չեռնիգովին, Սումին և Խարկովին է վերաբերվում, ապա դժվար ռուսական զորքերն այդ տարածքներից դուրս գան: Չեմ կարծում, որ Ուկրաինան հնարավորություն կունենա ուղղակի հակահարձակման անցնել ու հետ գրավել: Այնտեղ պարտիզանական պատերազմ է սկսվելու, հասկանալի է, որ արևմուտքն ամեն ինչ անելու է դրա համար. մատակարարելու է զենք ու ֆինանսական միջոցներ, մարդիկ, որոնք ֆիզիկապես գնալու են մարտնչելու, դրանք կարող են լինել վարձկաններ, կամավորականներ, վարձկաններ կամավորականների անվան տակ: Իմ գնահատմամբ՝ տարիներ, եթե ոչ տասնամյակներ Ուկրաինան լինելու է սիրիական և լիբիական սցենարների միքս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031