Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի նախագահը հայ գործարար Գեւորգ Ավետիսյանին հանձնեց Ծառայությունների համար Առաջին աստիճանի մեդալը

Մարտ 09,2022 12:43

Մարտի 7-ի երեկոյան Պրահայի ամրոցի Վլադիսլավյան պատմական դահլիճում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չեխահայ հայտնի գործարար, «Մարլենկա Ինթերնեշընլ» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանին հանձնեց դեռեւս անցյալ տարի շնորհած Ծառայությունների համար Առաջին Աստիճանի մեդալը։ Անկախ Չեխիայի պատմության մեջ Գեւորգ Ավետիսյանն առաջին հայն է, որ արժանանում է նման բարձր պարգեւի։

Հանդիսավոր արարողության ժամանակ Չեխիայի բարձրագույն պարգեւների արժանացան չեխական մշակույթի ու գիտության, քաղաքական ու հասարակական կյանքի, մարզական աշխարհի, բիզնես աշխարհի մոտ 60 ներկայացուցիչներ, այդ թվում հայտնի դերասանուհի Յիրինա Բոհդալովան եւ հետմահու՝ հանրաճանաչ երգիչ Կարել Գոտտը։ Քովիդի եւ նախագահի հիվանդության պատճառով երկու անգամ հետաձգվել էր պարգեւների հանձնման արարողությունը։

Իր ելույթում նախագահ Զեմանն անդրադարձավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին, եւ իբրեւ աջակցություն ուկրաինացի ժողովրդին, կոչ արեց գումարներ ուղարկել կաթոլիկ հիմնադրամին, որը օգնում է ուկրաինացի փախստականներին։ Նա նաեւ հայտարարեց, որ ընդունում է չեխ պատգամավորներից մեկի առաջարկը եւ որոշել է Չեխիայի բարձրագույն պարգեւ շնորհել նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն իր հերոսության համար։

Հանդիսավոր արարողությանը ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը ուրախությամբ նշեց, որ Գեւորգ Ավետիսյանի պարգեւատրումը նաեւ հայության հպարտությունն է, եւ բարձր է գնահատում հայ գործարարի ներդրումը ոչ միայն Չեխիայում, այլեւ չեխ-հայկական հարաբերությունների զարգացման եւ Հայաստանի հետ կապերի ամրապնդման գործում։

Պաշտոնական հանդիսությանը ներկա «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը շնորհավորելով հայ անվանի ձեռներեցին, նշեց, որ չեխահայության համար նշանակալի օր է, քանի որ Գեւորգ Ավետիսյանը անցած տարիների ընթացքում ոչ միայն զարգացրել է եւ 50ից ավելի երկրներ է արտահանում «Մարլենկա» մեղրով թխվածքատեսակները, այլեւ իր հեղինակությամբ ու բազմաթիվ հարցազրույցներով նպաստում Հայաստանի ու հայության մասին ճշմարիտ տեղեկատվության տարածմանը։

«ՕՐԵՐ» ԱՄՍԱԳԻՐ,  ՊՐԱՀԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031