Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս հետազոտությունների իրականացումը թույլ է տվել վերահսկել ՀՀ-ում կորոնավիրուսի նոր գենատարբերակների ներթափանցումը»

Մարտ 09,2022 12:38

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի կողմից 2021թ-ից իրականացվում է Հայաստանում շրջանառվող նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական ամենամսյա մոնիթորինգ՝ հաջորդ սերնդի (երրորդ սերնդի Oxford Nanopore MinION) սեքվենավորման կիրառմամբ։ Այս աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ։

Այս ընթացքում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների 250-ից ավելի նմուշներում կորոնավիրուսի ամբողջական գենոմի վերծանում:

Հետազոտությունների արդյունքներով՝ դեռևս 2021 թ-ի հունվար ամսվա դրությամբ Հայաստանում շրջանառվում էր SARS Cov-2-ի D681G տարբերակը։ Արդեն մարտ ամսին երկիր ներթափանցեց «Ալֆա» կամ բրիտանական տարբերակը, որը հունիս ամսին տեղակալվեց ավելի վտանգավոր՝ «Դելտա» տարբերակով։ Ներկայում Հայաստանում շրջանառվում է COVID-19 «Օմիկրոն» տարբերակը, որն այսօր հանդիսանում է դոմինանտ շրջատիպը մեր երկրում։ Ամենաթարմ տվյալներով՝ հայտնաբերվել է նաև «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը, որն ավելի վարակիչ է և, համաձայն մի շարք հետազոտությունների, կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք:

«Այս հետազոտությունների ամենամսյա իրականացումը թույլ է տվել վերահսկել Հայաստանում COVID-19 նոր գենատարբերակների ներթափանցումը և տեղակալման դինամիկան, պարզաբանել վիրուսի գենատարբերակների ներթափանցման հնարավոր ուղիները, գնահատել մուտացիաների ազդեցությունը ՊՇՌ թեստերի ճշտության վրա, ինչպես նաև հիմք ապահովել համաճարակային միջոցառումների ճիշտ կազմակերպման և դրանց շտկման համար՝ կախված տվյալ պահին երկրում շրջանառվող տարբերակից։ Այս ծրագիրը նաև օրինակ է, թե ինչպես գիտական կազմակերպությունները կարող են աջակցել պետական կառավարման համակարգին՝ լուծելու կարևոր խնդիրներ» – ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Հետազոտության շրջանակում ստացված գենոմային տվյալները համալրել են GISAID Epicov տվյալների շտեմարանը, որը SARS-CoV-2 հաջորդականությունների աշխարհի ամենամեծ պահոցն է։

Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բազային ծրագրի, ՀՀ գիտության կոմիտեի՝ սարքավորումների համար հատկացվող դրամաշնորհների, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում իրականացվող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի և Seeding Labs «Instrumental Access» սարքավորումների 2017 և 2019 թթ-ի դրամաշնորհների աջակցության շրջանակներում, առավելապես երիտասարդ գիտնականների ջանքերով։ Նմուշները և սեքվենավորման նյութերի մի մասը տրամադրել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են «The Evolving Faces of the SARS-CoV-2 Genome» և «Journal of Virological Methods» ամսագրերում:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031