«Ժամանակին մենք մի բան էլ էինք օգտագործում։ Մեր տատերը բուռնութի էին ասում, դա էլ է դրա մեջ մտնո՞ւմ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ կարգով քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու հարցը․ ըստ առողջապահության նախարարության՝ հանրային սննդի բաց եւ փակ օբյեկտներում մարտի 15-ից արգելվող ծխախոտի եւ ծխախոտի փոխարինիչների շարքում պետք է դասել նաեւ «նոր ի հայտ եկած արտադրատեսակները»՝ նրանք, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։
Լենա Նանուշյանն Աղվան Վարդանյանի արտաբերած բառից շփոթվեց։ Դահլիճում քմծիծաղ լսվեց, Աղվան Վարդանյանը ժպտաց։
«Չգիտեմ, թե դա որ արտադրատեսակն է։ Եթե կմտնի սահմանումների մեջ, կվերաբերվի։ Օրենքն ունի դրույթ, որը վերաբերում է ծամախոտին։ Չգիտեմ, թե դա մեր տատերի ասածի հետ ինչքանով է բռնում»,-ժպտալով պատասխանեց Լենա Նանուշյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ