Կառավարության առաջարկով՝ ՀՀ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում․ օրակարգում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցն է։
Ներկայացնելով հրատապության հիմնավորումը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում հայաստանյան շուկայում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում․ «Անհրաժեշտություն է առաջացրել վերանայել օրենքում նախատեսված՝ «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը՝ ներառելով նաեւ վերոնշյալ արտադրատեսակների բնութագիրը, որպեսզի տարբեր մոտեցումներ չկիրառվեն տարբեր արտադրատեսակների նկատմամբ եւ վերահսկողության ընթացքում չստեղծվեն խոչընդոտներ»։
Փոխնախարարը շեշտեց՝ 2022թ․ մարտի 15-ից ուժի մեջ է մտնում գործող օրենքի այն դրույթը, ըստ որի՝ ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործումն արգելվում է նաեւ հանրային սննդի օբյեկտներում, ուստի նախագիծը հրատապության սկզբունքով է ներկայացվել ազգային ժողովի այսօրվա նիստին, որպեսզի արգելքը կիրառելի լինի ծխախոտային արտադրատեսակների բոլոր փոխարինիչների նկատմամբ։
Ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը փոխնախարարից հետաքրքրվեցին՝ ո՞ր պահին է նախարարությունը հասկացել, որ հրատապության խնդիր կա եւ նախագիծը պետք է բերել ԱԺ։ Լենա Նանուշյանը պատասխանեց՝ միշտ տարբեր քննարկումներ ենք ունեցել շահագրգիռ կողմերի հետ․ «Քանի որ հենց վերջերս ի հայտ են եկել նոր արտադրատեսակներ, քննարկումներ ենք ունեցել էկոնոմիկայի նախարարության հետ։ Արագ կազմվել է նախագիծ, որ հասցնենք մինչեւ մարտի 15-ն ընդունենք»։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Ես չգիտեմ, թե ինչ նոր արտադրատեսակներ են ի հայտ եկել։ Գուցե խայտառակ տելեգրամ-ալիքներով մարիխուանայի եւ այլ թմրեցուցիչների վաճառքի մասին է խոսքը, բայց կոնկրետ ո՞ր օրն էր նախարարությանը հասկանալի դարձել, որ նման նախագիծ պետք է բերվի ԱԺ»։
Լենա Նանուշյանը պատասխանեց․ «Բազմաթիվ քննարկումներ են եղել օրենքի ընդունումից առաջ եւ հետո։ Կոնկրետ օր չեմ կարող նշել, որովհետեւ այդ արտադրատեսակները վերջերս են ի հայտ եկել։ Իսկ ձեր ասածի հետ կապված եթե օրենքը մանրամասն ուսումնասիրեք, կտեսնեք, որ օրենքը մարիխուանային եւ մնացածին չի առնչվում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ