Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգին ծառայելու պատմութիւն». հրաժեշտի հանդիսութիւն Լոս Անջելեսում ՀՀ Գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանի առաքելութիւնն աւարտելու առիթով

Մարտ 09,2022 12:30

«Ասպարեզ». Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելու եւ հայ համայնքը միաւորելու ուղղութեամբ ՀՀ գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանի ջանքերը բացառիկ են եղել: Այդ մասին վկայեցին Փետրուարի 25ին, հիւպատոսի պաշտօնավարման աւարտի առիթով կազմակերպուած հրաժեշտի միջոցառմանը ներկայ ԱՄՆ նահանգային, մարզային, քաղաքային պետական պաշտօնեաներն ու ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները:

«Արմեն Բայբուրդեանը Հայաստանի լաւագոյն արհեստավարժ դիւանագէտներից է: Երբ նա առաջին անգամ նշանակուեց Լոս Անջելեսում ՀՀ Գլխաւոր հիւպատոս, Հայաստանի անկախ Հանրապետութեան երազանքը նոր էր սկսել իրականութիւն դառնալ: Այդ պաշտօնում նա լաւագոյնս դրսեւորեց իր մասնագիտական հմտութիւնները, եւ նոյն պաշտօնում նշանակուելով 2018թ․ին` եռանդով շարունակեց աշխատանքը: Իմ եւ Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամների համար պատիւ է եղել աշխատանքն Արմէն Բայբուրդեանի հետ տարբեր հարցերի շուրջ` ներառեալ Հայաստանի եւ Արցախի հետ կապերի ամրապնդման ուղղուած ծրագրերը», մասնաւորապէս նշեց Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Փօլ Գրիգորեանը: Նա ներկայացրեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ի պատիւ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանի ընդունուած յատուկ բանաձեւը` Լոս Անջելեսի հետ գործընկերութեան խորացման գործում նպաստի համար:

Լոս Անջելեսի մարզի կառավարիչներից Քեթրին Բարգերն էլ Արմէն Բայբուրդեանին երախտագիտութեան հաւաստագիր յանձնելուց ընդգծեց, որ դեսպանն իր թիմով պատուով յաղթահարեց Արցախեան պատերազմի ու համաճարակի ծանր օրերն ու պաշտօնավարման շրջանում իսկապէս տարբերութիւն առաջացրեց:

Ելոյթներով հանդէս եկան նաեւ Կալիֆորնիայի նահանգային Ծերակոյտի եւ Ներկայացուցիչների Պալատի անդամներ Էնթոնի Փորթանթինօն, Քրիս Հոլդենը, Լորա Ֆրիդմանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Քեւին Դէ Լէոնը, Միթչ Օ՛ֆարելը, Գլենդէյլի քաղխորհրդի անդամների անունից` քաղաքապետ Փոլա Դիւայնը: Նրանք նոյնպէս հաւաստագրեր յանձնեցին դեսպան Բայբուրդեանին` բարձր գնահատելով դեսպանի գործունէութիւնն ու նրա հետ համագործակցութեան արդիւնքները: Փոլա Դիւայնն էլ դեսպան Բայբուրդեանին յանձնեց Գլենդէյլ քաղաքի խորհրդանշական բանալին:

Իրանահայ միութեան սրահում, Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան կազմակերպած ձեռնարկին մասնակցում էին հայ համայնքի հոգեւոր առաջնորդներ, քաղաքական հասարակական, բարեգործական կազմակերպութիւնների ղեկավարներ, մշակութային գործիչներ:

Միջոցառմանն ելոյթներով հանդէս եկան Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմի առաջնորդ Հովնան արք․ Տէրտէրեանը, Արեւմտեան ԱՄՆի Հայոց թեմի առաջնորդ Թորգոմ եպս․ Տօնոյեանը, Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգեւ արք․ Մարտիրոսեանը, Ամերիկայի եւ Կանադայի հայ կաթողիկէ եկեղեցու առաջնորդ Միքայէլ Մուրադեանը, Հայ աւետարանական եկեղեցիների միութեան ներկայացուցիչ վերապատուելի Հենդրիկ Շահնազարեանը, ինչպէս նաեւ ԱՄՆ արեւմտեան թեմի նախկին առաջնորդ Մուշեղ արք․ Մարտիրոսեանն ու վերապատուելի Պերճ Ջանբազեանը: Իրենց խօսքում նրանք բարձր գնահատեցին դեսպան Արմէն Բայբուրդեանի անձնական եւ մասնագիտական որակները` որպէս նրա աշխատանքային յաջողութեան գլխաւոր գրաւական: Դեսպան Բայբուրդեանի գործունէութեանն ուղղուած գնահատանքի խօսքերով հանդէս եկան նաեւ փաստաբան Րաֆֆի Ուրֆալեանը, ՀՀ մշակոյթի նախկին նախարար Արմէն Ամիրեանը, ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան խորհրդական Վարազդատ Պահլաւունին:

Ներկայացնելով դեսպանին, երեկոյի հանդիսավար, KTTV FOX11 ամերիկեան հեռուստաալիքի հաղորդավար Արաքսեա Կարապետեանը անդրադարձաւ Արմէն Բայբուրդեանի գործունէութեան որոշ դրուագների: Նա մասնաւորապէս նշեց, որ հարցին, թէ ինչ կ’առանձնացնի իր գործունէութիւնից, դեսպանը ամենայիշարժանն է համարել 1991 թուականը, երբ Հայաստանն անկախացաւ, եւ ինքն անցաւ դիւանագիտական ծառայութեան` յետագայ տարիներին ներկայացնելով Հայաստանը տարբեր երկրներում, այդ թւում`Միացեալ Նահանգներում, Հնդկաստանում, Աւստրալիայում, Եւրոպական երկրներում, ինչպէս նաեւ ՄԱԿում: Դեսպան Բայբուրդեանը կանգնած է ինչպէս ՀՀ արտգործնախարարութեան, այնպէս էլ` Լոս Անջելեսում հայկական հիւպատոսութեան ակունքներում` 1995-199 7թթ.ին լինելով Լոս Անջելեսում ՀՀ առաջին գլխաւոր հիւպատոսը: Բայբուրդեանի դիւանագիտական գործունէութեան մանրամասներին ներկաներն առիթ ունեցան ծանօթանալու «Հայ դիւանագէտը․ ազգին ծառայելու պատմութիւն» ֆիլմում:

Դիմելով միջոցառման մասնակիցներին` դեսպան Բայբուրդեանն ամփոփեց Լոս Անջելեսում իր դիւանագիտական աշխատանքի ընթացքում իրականացրած ծրագրերը: Մասնաւորապէս, Արմէն Բայբուրդեանը յիշատակեց Լոս Անջելեսում 1996 թուականին իր կողմից կազմակերպուած, Հայաստանի` երբեւէ արտերկրում կազմակերպուած առաջին գործարար համաժողովը` «Կալիֆորնիա-Հայաստան․ առեւտրի եւ ներդրումների հնարաւորութիւններ» խորագրի ներքոյ: Այդ ձեռնարկին, ըստ հիւպատոսի, հետեւել են մեծաթիւ ներդրումներ Հայաստանում:

2019 թուականին առաջին անգամ ստորագրուել է եւ ուժի մէջ մտել Կալիֆորնիա-Հայաստան համագործակցութեան շրջանակային համաձայնագիրը` հիմք դնելով ՀՀ եւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի միջեւ գործընկերութեան իրաւապայմանագրային դաշտի: Դեսպան Բայբուրդեանը գործուն աջակցութիւն է ցուցաբերել Արցախեան 44օրեայ պատերազմի ժամանակ համայնքային 150 հազարանոց «Խաղաղութեան երթի» կազմակերպմանը:

Իր ելոյթում Արմէն Բայբուրդեանը նշեց, որ Արցախեան պատերազմի օրերին ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնն Արեւմտեան Ամերիկայի համահայկական խորհրդի հետ համատեղ ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնում անցկացրեց բացառիկ միջոցառում, որտեղ ամբողջ կալիֆորնիահայ համայնքի ղեկավարութիւնը եւ ՀՀ գլխաւոր հիւպատոսը միասնական զօրեղ կոչով դիմեցին հայութեանը` սատարելու մարտնչող հայրենիքին եւ գործնական անմնացորդ աջակցութիւն ցուցաբերելու: Միայն այդ միջոցառման ժամանակ հանգանակուեց 3,3 մլն․ դոլար` հայրենիքին մարդասիրական աջակցութիւն ցուցաբերելու նպատակով:

Դեսպան Բայբուրդեանն նշեց նաեւ, որ պատերազմի օրերին ԱՄՆի մեծութեամբ երկրորդ քաղաք Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն ընդունեց չորս բանաձեւ` դատապարտելով Ադրբեջանի նախայարձակումը: Բայբուրդեանը նաեւ խօսեց համայնքի հետ սերտ համագործակցութեան շնորհիւ իրականացուած կարեւոր ծրագրերի, համատեղ բազում նախաձեռնութիւնների ու ձեռքբերումների մասին` խորին շնորհակալութիւն յայտնելով հայ համայնքին աջակցութեան համար: Մէկամեայ դիւանագիտական արձակուրդի շրջանակներում դեսպան Արմէն Բայբուրդեանը կը շարունակի դասախօսական իր գործունէութիւնը Միացեալ Նահանգներում եւ կը զբաղուի կրթական ծրագրերով:

Դեսպանի ելոյթին յաջորդած մշակութային հատուածում ելոյթ ունեցան երգիչ Յարութ Փամբուկչեանը, դուդուկահար կրտսեր Ջիւան Գասպարեանը, երաժիշտ Կրեկ Հօշարեանը, Գէորգեաններ պարային համոյթն ու երգչուհի Անահիտ Ներսիսեանը:

Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանի` դիւանագիտական առաքելութիւնը յաջողութեամբ աւարտելու առիթով միջոցառմանը ներկայ էին նաեւ Վաշինգտոնից ԱՄՆում ՀՀ դեսպանութեան ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչեանը, դեսպանութեան խորհրդական Առաքել Սեմիրջեանը, Լաս Վէգասում ՀՀ պատուոյ հիւպատոս Ատրուշան Արմէնեանը, Ֆրեզնոյում ՀՀ պատուոյ հիւպատոս Պերճ Աբգարեանը, Չիկագոյում ՀՀ պատուոյ հիւպատոս Օսկար Թաթոսեանը, Սան Հոզէի պետական համալսարանի նախագահ Մերի Փափազեանը, Լոս Անջելեսի գերագոյն դատարանի դատաւոր Արմէնուհի Էմի Աշուանեանը, դատաւոր Առլետա Շիրինեանը, Գլենդէյլի ոստիկանապետը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031