Լրահոս
Օրվա լրահոսը

Լենինն ու վաֆլին

Մարտ 09,2022 09:30

Հորս՝ Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակին։

Բոլոր մարդիկ, ինչպես տարբեր, այնպես էլ սննդի հարցում, ունենում են բազմազան ճաշակներ։ Մեկը չի սիրում կարտոֆիլ, մեկ ուրիշը՝ մսեղեն և այլն։ Ինքս փոքրուց տանել չեմ կարողացել վաֆլի կոչվող քաղցրավենիքը։ Զզվանքս այն աստիճան էր, որ երեխա ժամանակ վաֆլի նույնիսկ տեսնելիս ողջ մարմնովս տհաճ դող էր անցնում։

Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը ԽՍՀՄ թունդ այլախոհներից էր։ Մանկուց մեր տանը լսել եմ հակախորհրդային զրույցներ, սուր քննադատություններ՝ հատկապես Լենինի և Ստալինի հասցեին։

Ռաֆայել Իշխանյան

Այդ էր նաև պատճառը, որ շատերը նույնացնելով ԽՍՀՄ-ը և Ռուսաստանը՝ նրան համարում էին նաև հակառուս։ Իրականում հայրս ռուսական մշակույթի, հատկապես ռուս գրականության մեծ երկրպագու էր։ Նրա ամենասիրելի գրողը Լև Տոլստոյն էր, որի ստեղծագործությունները, հոդվածները մեծ ազդեցություն էին թողել նրա աշխարհայացքի վրա։

Լև Տոլստոյի նկարը մշտապես փակցված էր և մինչև հիմա առկա է նրա գրասեղանի վերնամասում (տես նկարը)։

1980թ․ աշխատանքից (Հայգունմետգիտնախագիծ) տուն վերադառնալիս, իջնում էի Լենինի (այժմ Մաշտոց) անվան փողոցով։ Փողոցի վերին հատվածում գտնվող գրախանութի առջև դրված սեղանին ցուցադրվում և վաճառվում էին նոր ստացված գրքեր։ Կանգնեցի և աչքի անցկացրեցի գրքերը։ Եվ ահա նրանց մեջ նկատեցի մի փոքրիկ մուգ կարմիր շապիկով գրքույկ․ «Լենինը Տոլստոյի մասին» վերնագրով, գինը` 5 կոպեկ։ Մտքումս չարախնդացի և առանց երկար-բարակ մտածելու՝ գնեցի գրքույկը։ Տուն հասնելուն պես գրքույկը դրեցի հորս գրասեղանի վրա։ Անհամբեր սպասում էի, թե երբ նա տուն կվերադառնա և ինչպիսին կլինի նրա զայրույթը։ Ի զարմանս ինձ, երբ նա տուն վերադարձավ, կարծես ոչինչ չէր պատահել, զբաղվեց իր գործերով՝ աշխատելով գրասեղանի առջև, հետո միասին թեյ խմեցինք, զրուցեցինք դեսից-դենից և պառկեցինք քնելու։ Մտածեցի, որ գրքույկը հավանաբար չի նկատել, տեսնենք վաղն ինչ կպատահի։

Առավոտյան արթնացա, վեր կացա հագնվելու և ․․․իմ գրասեղանի վրա հայտնաբերեցի մի տուփ վաֆլի․․․

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031