Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու կողմերի կարծրատիպերը

Մարտ 09,2022 10:00

Սոցիոլոգիայում վաղուց արդեն հայտնաբերված օրինաչափություն կա. եթե իրադարձությունն անմիջական կապ չունի տվյալ քաղաքացու կամ խմբի շահերի հետ, ապա նա հակված է պաշտպանել այն տեսակետը, որը համապատասխանում է նրա՝ նախապես գոյություն ունեցող համոզմունքներին եւ որը հաստատելու նպատակով նա տեղեկություններ է փնտրում:

Հակառակն էլ է ճիշտ. եթե հարցն անմիջականորեն մեզ է առնչվում, այստեղ քարոզչությունը չի օգնի: Ոչ մի քարոզիչ, որքան էլ հմուտ լինի, մեզ չի համոզի, որ կարտոֆիլը չի թանկացել՝ ուրիշ հարց, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը համոզված է, թե դրանում «նախկիններն» են մեղավոր: Բայց դա արդեն մեկնաբանություն խնդիր է՝ այն է, թե ինչպիսի «ակնոցով» ենք մենք նայում իրականությանը: (Միանգամից ասեմ, որ առանց նման «ակնոցի» աշխարհում որեւէ մարդ գոյություն չունի):

Պատերազմն Ուկրաինայում մեզ սովորական, առօրյա իմաստով չի առնչվում՝ այնպես, ինչպես կարտոֆիլի գինը: Հետեւաբար, մենք ձեւավորում ենք մեր կարծիքը՝ օգտվելով այն աղբյուրներից, որոնք մեզ առավել մատչելի են եւ որոնք հաստատում են մեր համոզմունքները (confirmation bias):

Այդ իրադարձությունների մասին տեղեկանալու համար հայաստանցիների զգալի մասն օգտվում է ռուսաստանյան դաշնային ալիքներից, որոնք սփռվում են մեր երկրում: Պատերազմից առաջ էլ հարյուր հազարավոր մարդիկ դաստիարակվել են այդ քարոզչությամբ՝ էլ չասած, որ տարեց մարդիկ գտնվում են դեռեւս խորհրդային քարոզչության ազդեցության տակ: Դա հաշվի առնելով՝ ամենեւին զարմանալի չի, որ մեր հասարակության մեջ ձեւավորված հիմնական կարծիքը հետեւյալն է. «Այո, պատերազմը վատ բան է, ցավալի է, որ մարդիկ են զոհվում, բայց ի՞նչ աներ Պուտինը՝ թողներ, որ Ռուսաստանի վրա ՆԱՏՕ-ն հարձակվի՞»:

Կա, իհարկե, որոշակի զանգված, որը դաստիարակվել է հակառուսականության ոգով եւ օգտվում է միայն ուկրաինական եւ արեւմտյան աղբյուրներից: Նման մարդիկ, տեսնելով, որ «Առավոտը» հրապարակում է նաեւ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունները պատերազմի մասին, մեկնաբանություններում գրում են, որ ես «ռուսական ֆաշիստ» եմ եւ «կագեբեի գործակալ»:

Նույն վիճակն է, բնականաբար, Հայաստանի ներքին կյանքում, որտեղ մարդիկ գտնվում են «թալանչիներ»-«հողատուներ» երկընտրանքի արանքում:

Այս կամ այն կողմի քարոզչության ազդեցության տակ ընկած մարդկանց համոզելն, իհարկե, անշնորհակալ գործ է: Մյուս կողմից՝ ձեռ քաշել եւ չփորձել մարդկանց ընտելացնել ավելի բարդ մտածողության հետ՝ նույնպես սխալ է: Այդ առիթով թույլ տվեք մեջբերում անել 20-րդ դարի սկզբի գերմանացի ընկերաբան Մաքս Վեբերի հոդվածից. «Ցանկացած հարցի դիտարկման ժամանակ գիտնականը պետք է սահմանափակի իր խնդիրը եւ վերացնի այն ամենը, ինչ գործի հետ կապ չունի, նախ եւ առաջ՝ իր սերն ու ատելությունը»: Թեեւ խոսքը գիտնականների մասին է, կարծում եմ, այդ հորդորը պետք է տարածվի ցանկացած վերլուծաբանի վրա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մեր պատերազմի ժամանակ ոչ մի խողովակ չվնասվեց, որից հետեւություն ենք անում, որ այն արհեստական խոսացված պատերազմ էր, բայց ո՞րն էր իմաստը, կարծում եմ, մեր պատերազմը ընդամենը այսօրվա ռուս ուկրաինական ավելի խոշոր պատերազմի համար հող պատրաստեց, բայց այստեղ էլ ոչ մի խողովակ չի վնասվում, ուրեմն սա էլ մեկ այլ էլ ավելի խոշոր պատերազմի համար է հող պատրաստում, կարծում եմ թիրախը ինչպես նախորդ համաշխարհայինի ժամանակ էր, լինելու է Եվրոպան, եթե դեպի Եվրոպա գնացող ռուսական խողովակները վնասվեն այսօրվա պատերազմում, ուրեմն իսկապես թիրախը Եվրոպան է, նրան էներգաթափ կանեն, կհյուծեն, իսկ ովքեր առաջինները կհրաժարվեն ռուսական էներգակիրներից եւ այլընտրանքներ կփնտրեն եւ երբ իրենց կապահովեն էներգիայով, այդ ժամանակ էլ Եվրոպա գնացող խողովակները կվնասվեն: Եթե իմ սիրողական մակարդակի հոռետեսական ենթադրությունները ճիշտ դուրս գան, որոնք բարեբախտաբար միշտ սխալ են լինում, ուրեմն մեր եվրոպական սփյուռքը պետք է գա հայրենիք, իր հետ բերելով լիքը մշակութային, գիտական արժեքներ եւ հարստացնի հայրենիքի իր ազգակիցներին եւ ստանա ախպարի բարձր կոչումը 🙂 Չկա չարիք առանց բարիքի, պետք է մի քիչ ճկուն լինել եւ ցանկացած իրադրությանը պատրաստ լինել օգտագործելու ի օգուտ քեզ, արարել է պետք միշտ, Արարիչը սիրում արարողներին եւ իրեն հավատացողներին, իսկ բողոքականներն ու վհատվողներն ոչ մի հավատ ու հարգանք չեն ցուցաբերում Արարչի նկատմամբ: Հաղթում է ապագայում նա, ով այսօր իր հաղթանակն է պլանավորում, թեկուզ ամենաֆանտաստիկ, բայց հավատով եւ արարչագործությամբ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031