Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հարցազրույց է տվել ամերիկյան ABC հեռուստաալիքին: Զելենսկին հարցերին պատասխանել է ուկրաիներենով, իսկ ձայնագրության մեջ լսվում էր թարգմանչի ձայնը, որը պարբերաբար խճճվում էր և ուղղում իրեն: Արդյունքում Զելենսկու խոսքը տարընթերցումների տեղիք է տվել: BBC-ն վերլուծել է Զելենսկու տեքստը ուկրաիներենով, որը տեղադրված է նախագահական կայքում, և վերծանել՝ ինչ էր ուզում ասել նա:
ՆԱՏՕ-ի և անվտանգության երաշխիքների մասին
«ՆԱՏՕ-ի վերաբերյալ ես բազմիցս եմ ասել և հանրային կերպով ուղերձներ եմ հասցրել և՛ Ռուսաստանին, և նախագահ Պուտինին. Մենք պատրաստ ենք մեր երկրի անվտանգության ցանկացած երաշխիքների համապատասխան պետությունից, որոնք պետք է երաշխավորեն: Եվ Ռուսաստանը նույնպես այդ երկրների շարքում է, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն է»:
Զելենսկին հայտարարել է, որ ապագայում Ուկրաինան պետք է անվտանգության մասին հավաքական պայմանագիր ունենա իր բոլոր հարևանների հետ և աշխարհի առաջատար բոլոր պետությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Թուրքիայի մասնակցությամբ: «Դա կլինի երաշխիք ոչ միայն Ուկրաինայի համար: Դա նաև Ռուսաստանի համար կլինի երաշխիք, որի մասին նա մշտապես խոսում է: Չնայած ես չգիտեմ՝ ումից է նա պաշտպանվում»:
Կարդացեք նաև
Նման հայտարարությամբ, ըստ BBC-ի՝ Զելենսկին փաստացի հաստատում է պատրաստակամությունը հրաժարվել երկրի սահմանադրորեն հաստատված ուղուց ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ՝ հօգուտ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հուսալի համակարգի, որի մաս կարող է լինել նաև Ռուսաստանը:
ԼԺՀ-ն, ԴԺՀ-ն և Ղրիմը ճանաչելու մասին
«Ինձ համար կարևոր է՝ ինչպես պետք է այնտեղ ապրեն մարդիկ, որոնք ցանկանում են լինել Ուկրաինայի կազմում… Մենք պետք է քննարկենք այդ հարցը: Ինչպես նաև Ղրիմի վերաբերյալ փոխզիջումների հարցը: Մենք չենք կարող ճանաչել, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք է: Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությանը դժվար կլինի ընդունել, որ դա ուկրաինական տարածք է: Կարծում եմ, որ մենք բավականաչափ խելացի ենք, որպեսզի այդ երկու հարցերի լուծումը հանրությունների ներսում ցանկացած տեսակի հեղափոխություններ չառաջացնի, որպեսզի այդ լուծումները բավարարեն բոլորին՝ և՛ այդ տարածքներում ապրողներին, և՛ Ուկրաինայում ապրողներին»:
Զելենսկին մի կողմից ինքնահռչակ հանրապետությունների կարգավիճակի հարցը կապել է Ղրիմի կարգավիճակի հետ. Ռուսաստանը բազմիցս ակնարկել է, որ իր համար դա անընդունելի է, և իր համար բռնակցված թերակղզու հարցը փակված է: Մյուս կողմից Զելենսկու դիրքորոշման մեջ նորությունը նրա պատրաստակամությունն է այդ նուրբ հարցում գնալ փոխզիջումների: Նախկինում Կիևը միանշանակ ուներ այն դիրքորոշումը, որ «Ղրիմն Ուկրաինա է», «Դոնբասն Ուկրաինա է»:
Նման դիրքորոշումը մի կողմից հղի է լուրջ ներքաղաքական հետևանքներով, չնայած Զելենսկու հավաստիացումներին, որ ուկրաինացի ժողովուրդը «պատրաստ չէ կապիտուլյացիայի և վերջնագրերի»: Դեռ երբեք Ուկրաինայի իշխանությունները չեն հայտարարել, որ այդ հարցում պատրաստ են որոշակի զիջումների գնալ: Մյուս կողմից նման դիրքորոշումը թույլ է տալիս զգուշորեն հուսալ, որ Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցություններում որոշակի առաջընթաց կա:
«Դենացիֆիկացիայի» մասին
«Պատմության մեջ դա շատ է եղել և միշտ այն վատ է ավարտվել: Բայց որոշ պետությունների համար ավարտվել է այնպես, որ հետո ամաչել են, որ իրենք սկսել են զտել աշխարհը այս կամ այն ազգից… Նույնը եղել է 40-ականներին, երբ նացիստական Գերմանիան անցկացրեց հրեա ժողովրդի դենացիֆիկացիա: Հիմա նույն բանն է կատարվում: Ես պարզապես չգիտեի, որ ժամանակակից աշխարհում նման բան կարող է լինել… Ասել «դենացիֆիկացիա» , իսկ հետո ռմբակոծել խաղաղ բնակիչներին՝ ցեղասպանություն է ուկրաինացի ժողովրդի դեմ»:
Այն մասին՝ ինչու չլքեց Ուկրաինան
«Ես հրաժարվեցի: Քանի որ ինչպե՞ս կարող էի: Ես այս պետության քաղաքացին եմ, օրինական ընտրված նախագահը: Եթե ես գնայի, ես դրանով իմ կյանքը կավարտեի: Ես ողջ կլինեի, բայց այլևս մարդ չէի լինի: Ես կլինեի պարզապես մարմին: Ես ինքս ինձ չէի հարգի: Իսկ ամենասարսափելին. ի՞նչ պիտի ասեի իմ երեխաներին: Ո՞վ եմ ես: Ես գործել եմ որպես նախագա՞հ: Որպես Սահմանադրության երաշխավո՞ր: Ախր դա պարզապես բառակապակցություն չէ՝ Սահմանադրության երաշխավոր: Ես այս ժողովրդի երաշխավորն եմ: Նշանակում է՝ պետք է միասին լինել: Պաշտպանվել պետք է միասին: Դրա համար ես այստեղ եմ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Պատերազմէն չսկսած «քննարկէիր» այդ ամէնը: Սակայն կարծեցիր որ ՆԱՏՕն քո տեղը կը կռուի Ռուսաստանի դէմ: Թիւ 1 պատասխանատուն ես՝ քո ժողովուրդին անասելի տառապանքներին, նրա երկրի խորտակուին: Թիւ մէ՛կ պատասխանատուն…
https://www.facebook.com/Blog-H-368796210632940