Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան․ «ԱԱԾ-ի բացահայտումներից հետո հակահետախուզության ոլորտի պատասխանատուներից որեւէ մեկը պատասխանատվություն կրե՞լ է»

Մարտ 08,2022 19:35

Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հերթական ցնցող բացահայտման մասին հաղորդագրություն տարածեց։

Ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել եւ չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։ Այս անձինք, ինչպես հայտնում է ԱԱԾ-ն, հավաքագրվել են սոցիալական ցանցի միջոցով․ «Գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել սպասվող պատերազմի եւ դրա հստակ օրվա մասին, մինչև պատերազմի սկսվելը, ակտիվորեն տեղեկատվություն են հավաքել և բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել նաև Արցախի Հանրապետություն ժամանած և հյուրանոցներում տեղավորված անձանց, Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին․․․»։

Ինչո՞ւ են հիմա բացահայտվում պետության դավաճանության այս դեպքերն ու լրտեսները, եւ ինչո՞ւ մինչ պատերազմը ԱԱԾ-ն չէր բացահայտել։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն Aravot.am-ի զրույցում ասում է՝ ցանկացած պետություններ, նույնիսկ համեմատաբար նորմալ հարաբերություններում գտնվող պետություններն իրար լրտեսում են, նորմալ երեւույթ է ամբողջ աշխարհում, առավել եւս, երբ պետությունները հակամարտում են, ամեն կերպ փորձելու են լրտեսական ցանցեր ստեղծել իրար մոտ եւ իրար լրտեսելու են։ «Տրամաբանական էր, որ Ադրբեջանը պետք է այդպիսի ցանց փորձեր ստեղծել։ Այնպես չէ, որ սոցցանցերն էլ նորություն են եւ այնպես չէ, որ այդ ռիսկերն էլ հնարավոր չէր կանխատեսել»,-ասում է Վրթանեսյանը։ Նա նկատում է՝ սոցցանցերում օգտահաշիվներ ունեն զինվորականները, մանավանդ ցածր օղակի, նրանք անվերահսկելի են, եւ դրա մասին բազմիցս զգուշացրել են փորձագետները։

«Մինչեւ 2018 թվականն էլ զգուշացվել է, որ համացանցում զինվորականներ են, հաճախ հստակ երեւում է, որ զինվորական են, նրանք չունեն տարրական գիտելիքներ տեղեկատվական անվտանգության մասին։ Անձամբ ես բավականին բազմամարդ հանդիպման ժամանակ, այն ժամանակվա ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին զգուշացրել եմ, որ նման խնդիր կա։ Այսինքն, պետք էր շատ լուրջ աշխատանք տարվեր զինվորականության հետ։ Եւ պետք էր ոչ միայն արգելել սոցցանցում հաշիվ բացել, այլեւ պետք էր մարդկանց բացատրել, որ այսպիսի վտանգներ եւ խնդիրներ կան, պետք էր նաեւ պատժիչ աշխատանքներ տանել։ Այդ աշխատանքը՝ հետեւողական, համակարգված եւ երկարատեւ, չի տարվել բանակում։ Երբեմն, եղել են խոսակցություններ, սրացումներ, մեկ- երկու, անցել, գնացել է, մոռացվել ու շարունակվել, ինչպես նախկինում։ Բարձիթողի վիճակ էր»,-նկատում է փորձագետը։

Նա հիշեցնում է՝ 2009 կամ 2010 թվականին ռուսական «Օդնոկլասնիկի» ծանոթությունների սոցցանցում կար ՀՀ ԶՈՒ հակահետախուզական ծառայության խումբ․ «Այսինքն, այն մարդիկ, որոնք պետք է հետեւեին, որ մյուսները չմտնեին սոցցանցեր, իրենք իրենց անուն ազգանունով, դեմքով բացահայտ գրանցված էին այդ խմբում»։

Բացի այս, մյուս կարեւոր խնդիրն էլ, որը նշում է ռազմական փորձագետը, ԱԱԾ-ին իր բուն աշխատանքից շեղելն էր կամ այլ ոչ առաջնային կարեւորության աշխատանքով ծանրաբեռնելը․ «2018 թվականի հեղաշրջումից սկսած ԱԱԾ-ն անընդհատ ցնցումների մեջ էր, դեռ մինչեւ պատերազմը ԱԱԾ-ի կարծեմ հինգ պետ փոխվեց։ ԱԱԾ-ի, որը պատասխանատուն է հակահետախուզության, տնօրենի ԺՊ նշանակեցին վեց ամսով, այդ մարդը զուտ օրվա խնդիրներ էր լուծում, այսինքն՝ ոչ մի երկարաժամկետ ծրագրեր չէր կարող անել։ Համակարգը կադրային ցնցումների մեջ էր։ ԱԱԾ-ն լծված էր ընդդիմության վրա գործեր կարելուն, իրենց առջեւ խնդիր էր դրված այս կամ այն գործչի կամ նախկինի վրա գործեր կարելը, իրենք զբաղված էին Հրայր Թովմասյանի աղջիկների հետաքննությամբ, ինչ-որ գյուղապետերի էին քսան հազար դրամ կաշառքի համար բռնում։ ԱԱԾ-ն զբաղված էր այնպիսի գործերով, որոնք եթե նույնիսկ մտնեին ԱԱԾ-ի պարտականությունների մեջ, հաստատ առաջնային կարեւորության խնդիր չէին»։

Բացի այս, ըստ Վրթանեսյանի, ԱԱԾ-ում այդ կադրային ցնցումներից հետո ղեկավար նշանակվեց մի մարդ, որի նույնիսկ երեսուն (նկատի ունի Արգիշտի Քյարամյանին,-Ն․Բ․), որը իրական փորձ չուներ ուժային ոլորտում, առավել եւս՝ անվտանգության ոլորտում․ «Պատերազմի օրերին ինչ-որ ահավոր սխալ էր արել, որի մասին այդպես էլ հանրությունը չիմացավ, թե ինչու իրեն պատերազմի օրերին հանեցին։ Այսինքն, սկսվեց նոր ցնցումների փուլ, ոչ մի հետապնդում էլ չեղավ։ Այս իրավիճակում զարմանալի չէ, որ թշնամին լրտեսական ցանցեր է ստեղծում եւ ինչ ուզում՝ անում է։ ԱԱԾ-ի այսպիսի կազմաքանդված վիճակը միանշանակ ազդում է ծառայության աշխատանքի որակի վրա։ Իմ սիրտը ցավում է, որ 2019 թվից անընդհատ գրել եմ, զգուշացրել եմ, որ չի կարելի նման բան թույլ տալ, մանավանդ ուժային կառույցներում։ Ես վստահ եմ, որ 44-օրյա պատերազմի պարտության գլխավոր պատճառներից մեկը հենց կադրային քաղաքականությունն էր եւ հարցն այն չէ, որ մասնագե՞տ է, թե՞ ոչ։ Հարցն այն է, որ մարդուն բերում են նոր տեղ, որտեղ նա հունի մեջ ընկնելու համար, պարտականություններին ծանոթանալու եւ այլնի համար ժամանակ է պետք, բայց մի քանի ամիս հետո նրան տեղափոխում են այլ ոլորտ կամ այլ պաշտոնի։ Ինչ Նիկոլ Փաշինյանը զավթել է իշխանությունը, այդ օրվանից սկսած Հայաստանի պետական բոլոր կառույցները, կարծես, անընդհատ «պաուզայի» վրա դրած լինեն, չեն աշխատում, սրա հետեւանքներն էլ մենք տեսնում ենք»։

Կարեն Վրթանեսյանն ասում է՝ տեղեկատվության անվտանգության ոլորտում էլ խայտառակ վիճակ է․ «Թշնամին ոչ միայն կրակում, սպանում է, նաեւ սաբոտաժ է անում, դիվերսիոն աշխատանք է տանում նաեւ տեղեկատվական դաշտում ու դրա պետությունը ոչինչ չի անում»։

Վրթանեսյանը հարց է բարձրացնում՝ ԱԱԾ-ի՝ պետական դավաճանության մասին ԱԱԾ-ի այս բացահայտումներից հետո ինչ-որ մեկը պատասխանատվություն կրե՞լ է, խոսքը հակահետախուզության ոլորտի պատասխանատուների մասին է, որեւէ մեկը նման իրավիճակի համար պաշտոնանկ եղե՞լ է․ «Կամ սրան առնչվող հարց բարձրացվե՞լ է։ Պետք է հարց բարձրացվի՝ ինչո՞ւ է նման վիճակ, ո՞վ է պատասխանատուն, որ զինվորականների հետ համակարգված բացատրական աշխատանք չեն արել կամ վատ են արել։ Եւ հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանի ժամանակ էր, որ բանակում թույլատրվեց սմարթֆոն ունենալ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031