Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Հակոբյան. «Հայաստանը այսօր ձեւավորվող եւ գործող նոր աշխարհակարգի գործընթացին ներկա չէ եւ սա շատ մեծ վտանգ է»

Մարտ 08,2022 19:15

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը «Հայելի» ակումբում խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի եւ ռուս-ուկրաինական հակամարտության միջեւ եղած կապի մասին:

«Մենք հիմա նոր աշխարհակարգի ձեւավորման ականատեսն ենք լինում, ինչը սկսվել է դեռ Սովետական Միության կազմաքանդմամբ, որով ավարտվեց երկրորդ աշխարհամարտի արդյունքներով ձեւավորված Յալթա-պոտսդամյան աշխարհակարգը: Արդեն 30 տարի մենք տեսնում ենք, թե ինչ դժվարությամբ, տարբեր փուլեր անցնելով, ինչպես է ձեւավորվում նոր աշխարհակարգը: Անմիջապես 90-ականների սկզբին ստեղծվեց մի իրավիճակ, երբ աշխարհում կար միաբեւեռություն, որոշակիորեն՝ ԱՄՆ-ի մենիշխանություն: Եվ ԱՄՆ-ը այդ համատեքստում օգտագործում էր ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գործիքակազմը, ինչպես նաեւ ծայրահեղ տնտեսական ազատականացման միջոցները: Բայց դա բերեց նրան, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում առաջացան բախումներ, դիմադրություններ եւ միաբեւեռությունը չաշխատեց:

Դրան զուգահեռ սկսեցին աշխարհաքաղաքական երկու բեւեռներ ձեւավորվել՝ Չինաստանն ու Եվրամիությունը: Վերջինի մասով նույնպես վերջնականացում տեղի չունեցավ, որովհետեւ այն չդարձավ աշխարհաքաղաքական այն բեւեռը, որը ի սկզբանե նախատեսվում էր: Մասնավորապես, Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից:

Եվ այսօր մենք կանգնած ենք մի իրողության առջեւ, երբ իրականում կա միմյանց հետ մրցակցող, բայց համակարգված գործող երկու աշխարհաքաղաքական բեւեռ, երկու գերտերություն, եթե կուզեք՝ Չինաստանը եւ ԱՄՆ-ը: Այդ նույն համատեքստում շատ հետաքրքիր իրադարձություններ են զարգանում եւ այդ հետաքրքրությունը, ի վերջո, վերածվել է պատերազմական գործողությունների: Դա այն հայտն է, որ ներկայացրել է Ռուսաստանը:

Ի՞նչ հիմքերով է Ռուսաստանն այդ հայտը ներկայացրել: Եթե ընդհանրական դիտարկենք Մեծ Արեւմուտք եւ Մեծ Արեւելք, ապա Ռուսաստանը իր հետսովետական նոր գաղափարաբանությամբ ասում է, որ կա քաղաքակրթական երրորդ միավորը, կենտրոնը, որի անունն է եվրասիականություն, որի գաղափարաբանությամբ ռուսի եւ թյուրքի համադրումն ու ընդհանրությունն է: Հիմա մենք տեսնում ենք, որ այդ հայտի հետ անհամաձայնություն կա առնվազն հավաքական Արեւմուտքում: Այն պահանջներին, որ անցած տարվա վերջին դրել էր Ռուսաստանը եւ անձամբ Պուտինը, Արեւմուտքը համաձայն չէ, ինչն էլ բերել է պատերազմի:

Սա ինչպե՞ս է անդրադառնում հայության եւ Հայաստանի վրա: Խնդիրը հետեւյալն է, աշխարհաքաղաքական երկրները, հավակնություն ունեցող երկրները, մասնավորապես, Իրանը եւ Թուրքիան, նոր աշխարհակարգի համատեքստում դիրքավորվում են: Իսկ ի՞նչ է անում Հայաստանը, հայությունը: Ոչինչ: Ինչո՞ւ: Որովհետեւ Հայաստանը կառավարող վերնախավը, Հայաստանում տիրող իշխանական համակարգը չի հետապնդում պետական եւ ազգային շահեր, այլ գտնվում է օտարի իշխանության, ազդեցության եւ վերահսկողության ներքո: Արդյունքում 2020 թվականի պարտությունից հետո Հայաստանին մտցրել են մի գործընթացի մեջ, որտեղ մենք հերթով հանձնում ենք մեր ազգային եւ պետական շահերը, սկսած տարածքներից, վերջացրած ընդհանուր համահայկական նկրտումներով:

Այս գործընթացի շրջանակներում հասկանալի է Ադրբեջանի, Թուրքիայի հետ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան կոչեցյալը, ինչը ամպագորգոռ հայտարարում է գործող իշխանախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, մենք այսօր ձեւավորվող եւ գործող նոր աշխարհակարգի գործընթացին ներկա չենք: Սա շատ մեծ վտանգ է: Եվ Երասխի, դրանից առաջվա եւ գալիք կրակոցներով, ասես, մեր ոխերիմ բարեկամներն ու ոխերիմ թշնամիները մեզ հիշեցնում են, որ ինչ կատարվում է, ձեր հետ կապ չունի, որ մենք ձեր հետ ունենք պայմանավորվածություն, որ  հավատարիմ կմնաք այդ պայմանավորվածությանը եւ կանեք այն, ինչ ձեզ կասենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031