Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի մենաշնորհը թուլացել է տարածաշրջանում». Ռուբեն Սաֆրաստյան

Մարտ 08,2022 17:39

«Արցախյան վերջին պատերազմը, ըստ էության, Թուրքիան նախապատրաստեց, մեծապես օժանդակեց եւ ղեկավարեց, քանի որ շատ ավելի մեծ բաներ ստանալու ակնկալիքներ ուներ, քան ստացավ: Թուրքիան ձգտում էր տարածաշրջանում ունենալ ավելի կարեւոր աշխարհաքաղաքական՝ որոշում ընդունող կենտրոնի դիրք, ինչը նրան չհաջողվեց»,- նշեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում:

Թուրքագետի ձեւակերպմամբ, Թուրքիան ձգտում էր մաս կազմել այն եռակողմ հայտարարության, որով ավարտվեց Արցախյան երկրորդ պատերազմը. «Թուրքիան ուզում էր, որ հայտարարությունը լինի քառակողմ, սակայն ռուսները թույլ չտվեցին: Թուրքիան ձգտում էր, որ թուրք-ռուսական զորքեր տեղակայվեն Արցախում ,եւ որպես մոդել նշվում էր Սիրիան, դա, սակայն, եւս չեղավ»:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը հիշեցրեց, թե եռակողմ հայտարարությունից առաջ ինչպես խոցվեց ռուսական ուղղաթիռը, սակայն Ռուսաստանի արձագանքը շատ մեղմ եղավ. «Ես, եւ այլ վերլուծաբաններ, կարծում ենք, որ դա սադրանք էր Թուրքիայի կողմից՝ այն նպատակով, որ վերջին պահին ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ անհամաձայնություն առաջանա, եւ եռակողմ համաձայնագիրը չստորագրվի: Դրանով էր պայմանավորված ռուսների մեղմ արձագանքը»:

Նրա խոսքով, Թուրքիային, այնուամենայնիվ հաջողվեց ոտք դնել Ադրբեջանում՝ մոնիտորինգային կենտրոնի միջոցով, իսկ ռուսները դա թույլ տվեցին, քանի որ  Թուրքիան աստիճանաբար մեծացնում է իր ազդեցությունը: «Ռուսաստանն այլեւս մենակ չէ՝  որպես որոշումներ ընդունող կենտրոն: «Արցախյան պատերազմից հետո այն ստատուս քվոն, որ կար տարածաշրջանում, խախտվեց Հայաստանի  պարտության պատճառով, եւ Թուրքիան սկսեց կատաղի պայքար այն գործընթացներում, որոնք հիմա տեղի են ունենում տարածաշրջանում: «Տարածաշրջանի ապագան նոր ստատուս քվոյի ձեւավորումն է, եւ հիմա մենք այդ գործընթացում ենք, ու այդ համատեքստում Թուրքիան ուզում է ունենալ ավել մեծ դերակատարություն, քան ուներ նախկինում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031