Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշան Ուկրաինայից է եկել Հայաստան, դիզայներ Վադիմն էլ՝ Բելառուսից է ուզում գալ, Վարյան էլ ՌԴ-ից է գալիս, որ ՀՀ-ում Ա/Ձ բացի

Մարտ 08,2022 17:45

Ռուսաստանում, Ուկրաինայում ու Բելառուսում աշխատանքը կորցրած քաղաքացիները աշխատանք փնտրում են Հայաստանում:

«Մեր ընկերությունը զբաղվում է «3D» սկանավորմամբ եւ «3D» սկաներների մատակարարմամբ: Ուզում ենք հասկանալ՝ ինչքանո՞վ է այս շուկան աշխույժ Հայաստանում», – հետաքրքրվում է ռուսաստանցի գործարարներից մեկը: Նա նույնպես որոշել է բիզնեսը տեղափոխել Հայաստան:

Մեկ այլ գործարար էլ փնտրում է դրական արձագանքներով իրավաբանական կազմակերպություն՝ ՏՏ ընկերությունը ՌԴ-ից Հայաստան տեղափոխելու համար, որը կօգնի հաշվառման եւ հաշվապահական հաշվառման եւ այլ հարցերում:

Մեկ ուրիշն էլ՝ Վարյան, անհատ ձեռներեց է, խնդրում է բացատրել ՌԴ-ում եւ ՀՀ-ում գործող անհատ ձեռնարկատերերի տարբերությունը, գրանցման կանոնները, ՀՀ-ում Ա/Ձ բացելու համար արդյոք անհրաժե՞շտ է դատվածություն չունենալու մասին տեղեկանք եւ այլն: Վարյան գրել էր՝ արդեն իրերն է հավաքել եւ ուղեւորվում է Հայաստան:

Այն օրվանից ի վեր, ինչ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանը հայտնվել է պատժամիջոցների տակ՝ մարդկանց ու բիզնեսների հոսքը շարունակվում է դեպի Հայաստան: Խոսքը, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող բիզնեսների մասին է, որոնք հիմնականում աշխատել են արեւմտյան ընկերությունների հետ: Ստեղծված քաղաքական խնդիրների պատճառով Ռուսաստանում գրանցված ընկերություններն այլեւս չեն կարող աշխատել դրսի հետ: Հայաստան գալու իմաստն այն է՝ կազմակերպությունը գրանցեն Հայաստանում, որ կարողանան անխոչընդոտ աշխատել:

Հայաստանով հետաքրքրված են ռուսաստանցիները, որոնց թվում են նաեւ մեր հայրենակիցները, Բելառուսի քաղաքացիները, անգամ Ուկրաինայի բնակիչները, որոնց բիզնեսն էլ Ռուսաստանի հետ է: Այս մասին տեղեկանում ենք հետեւելով «Переезд в Армению» տելեգրամյան ալիքին: Մասնակիցների թիվն այս հարթակում օր-օրի հազարներով ավելանում է: Այս պահին 14 հազար 690-ին մոտ մարդիկ են միացել այս ալիքին: Ուշագրավն այն է, որ Ռուսաստանում, Ուկրաինայում ու Բելառուսում աշխատանքը կորցրած քաղաքացիները աշխատանք փնտրում են Հայաստանում:

Նրանցից ոմանք էլ արդեն Հայաստանում են եւ իրենց փորձով կիսվում են մեր երկիր գալու մտադրություն ունեցող քաղաքացիների ու գործարարների հետ: Հայաստանյան ընկերությունները, անհատները նույնպես խորհուրդներ են տալիս, թափուր աշխատատեղեր առաջարկում մասնագետներին: Այս հարթակում հայաստանյան ՏՏ ընկերություններն էլ նոր աշխատողների հայտ են ներկայացնում՝ հավաստիացնելով, որ մեր երկիրը 10-20 հազար աշխատողի կարիք էլ ունի:

Դաշան Ուկրաինայից է հասել Հայաստան: Նա հայաստանյան ընկերություններին SMM-ի՝ սոցիալական ցանցերի մարքեթոլոգի իր ծառայություններն է առաջարկում:

Բելառուսի քաղաքացի Վադիմը մասնագիտությամբ հագուստի դիզայներ է. նրա պատվերները նույնպես դրսից են եղել, ամերիկյան մի ընկերությունից, սակայն պատերազմի պատճառով աշխատանքը կորցրել է, նրա հետ պայմանագիրը դադարեցրել են: Մտադիր է իր ընկերության աշխատակիցներով տեղափոխվել Հայաստան՝ եթե գրասենյակի տարածք գտնի ու բիզնեսն էլ գրանցի Հայաստանում:

Եկողներից մեծ մասին նաեւ հետաքրքրում է՝ Հայաստանում կգործի՞ իրենց բանկային քարտը, կարո՞ղ են օգտվել հաշիվներից, թե տեղական բանկերում պետք է հաշիվ բացեն:

Գործարարներին աջակցելու եւ նաեւ այլ հարցերը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նախարարությունում գործում է բիզնեսը այլ երկրներից ՀՀ տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ: Նաեւ՝ արագ արձագանքման էլեկտրոնային հասցե՝ [email protected], որին կարող են գործարարներն ուղարկել իրենց հարցերը:

Երեկ էլ, նույն աղբյուրը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ քաղաքացիները Հայաստանում ազատված են աշխատանքի թույլտվության եւ կացության կարգավիճակ ստանալու պահանջից: Սա կրկին աշխուժություն առաջացրեց «Переезд в Армению» տելեգրամյան ալիքում եւ նրանք, որոնք տատանվում էին՝ բիզնեսը կամ անհատական այցով գնան Վրաստան թե Հայաստան, գրեթե վերջնական որոշում կայացրին՝ գալ Հայաստան, քանի որ դրանով իրենց որոշ խնդիրներ լուծվում էր: Սակայն քաղաքացիների մոտ, այնուամենայնիվ, հարց էր առաջանում՝ 180 օր Հայաստանում մնալուց հետո, երբ լրանա ՀՀ-ում մնալու ժամկետի թույլտվությունն, ի՞նչ պետք է անեն: Այս հարցին առայժմ պաշտոնական պատասխան չկա: Փոխարենը գտանք տելեգրամյան ալիքում օտարերկրյա քաղաքացիներին օգնող հայ օգտատերերի խորհուրդը՝ 180 օրը լրանալուց հետո հատել Վրաստանի սահմանն ու հետ գալ:

Թե քանի՞ բիզնես է Հայաստան գալու մտադրություն հայտնել եւ արդեն տեղափոխվել Aravot.am-ի հարցին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հստակ թիվ չնշեցին, ոչ էլ՝ ոլորտները: Միայն ասացին, որ մեծ մասը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031