«Դա մեր կազմակերպության որոշելիքը չէ: Բոլոր նման որոշումները կայացվում են ՄԱԿ-ի կողմից»,-հարցին՝ արդյոք Ռուսաստանը կշարունակի՞ մնալ ԱՀԿ անդամ, առցանց ճեպազրույցի ընթացքում այսպես պատասխանեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս-Հենրի Պ. Կլյուգեն:
Նա նշեց, որ անկախ ամեն ինչից, անկախ պատժամիջոցներից ԱՀԿ-ն կատարում է իր առաքելությունը ու մանրամասնեց. « Մեր սկզբունքն ու առաքելությունն է ապահովել հումանիտար աջակցություն բոլոր մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն, այդ թվում նաև ՌԴ-ի քաղաքացիներին: Եթե ՌԴ-ում կան խոցելի մարդիկ, որոնք ունեն առողջապահական ծառայությունների կարիք, նրանք պետք է ստանան այդ աջակցությունը՝ անկախ տնտեսական պատժամիջոցներից: Եթե, օրինակ, երեխաները ինսուլինի կարիք ունեն, պետք է ապոհովվի: Դա մեր պատասխանատվությունն ու առաքելությունն է»:
Հարցին՝ արդյոք առողջապահական աջակցությունը, որն ուղարկվել է Ուկրաինային, տեղ հասե՞լ է, թե՞ ՌԴ-ն խոչընդոտում է, արևմտյան Ուկրաինայում գտնվող ԱՀԿ խոսնակ Թարիկ Ջասարևիչը պատասխանեց. «Մենք երեկ հանդիպում ենք ունեցել Ուկրաինայի առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի հավաստիանանք, որ առողջապահական օգնությունը հասել է Ուկրաինա: Նման հավաստիացումներ կան, որ այդ օգնությունը տեղ հասել է: Մենք կարծում ենք, որ պետք է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները բոլոր հնարավոր ձևերով ու միջոցներով օգնություն ցույց տան Ուկրաինային»:
Լրագրողները միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից տարբեր հարցեր էին հղում ԱՀԿ ներկայացուցիչներին: Մեկը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է առողջապահական միջանցք բացվի Ուկրաինայի ժողովրդի համար, դոկտոր Հանս-Հենրի Պ. Կլյուգեն պատասխանեց. «Մենք ՄԱԿ-ի հետ սերտորեն համագործակցում ենք այս հարցով: Մենք բոլոր դիվանագիտական խողովակները բաց ենք պահում, բայց պետք է երկու կողմերը համաձայնություն տան այդ միջանցքի բացմանը: Երբ բոլոր դռները փակվում են, առողջապահական դիվանագիտությունը դառնում է այն բանալին, որով մարդկային կյանքեր են փրկվում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ