Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց հաջողության պատմությունները պետք է լինեն ոչ թե մեծագույն նվաճում, այլ վարակիչ օրինակ, կյանքի սովորական կանոն. Արման Թաթոյան

Մարտ 08,2022 15:12

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ կանայք,
Ձեզ իրավունքները պետք է լինեն իրապես պաշտպանված, իսկ հնարավորությունները` հավասար ու արժանապատիվ: Դրանից մեր պետությունը միայն ամրանալու է:

Բայց այս նպատակի համար միայն «չոր» օրենքները և հետո այդ օրենքները կնոջ իրավունքների հարցում ամեն առիթով ճոճելը լուծում չեն:

Պետք է լինի այնպես, որ մարդիկ չունենան կարծրատիպեր կնոջ մասին, որ նրանք ձերբազատվեն թվացյալ վախերից:

Պետք է լինի այնպես, որ միշտ երջանկությամբ ընկալվի ու սպասելի լինի աղջիկ երեխայի ծնունդը, ու երեխայի լույս աշխարհ գալը երբեք չընդհատվի միայն այն պատճառով, որ աղջիկ է:

Պետք է բացառվի ընկալումը, թե աշխատանքում կնոջ հաջողակ լինելու չափանիշը նրա անձնական կյանքի հաշվին է, իսկ հասարակությունում էլ չպետք է լինեն վախեր ու կարծրատիպեր, որոնք կնոջ կյանքը կդրոշմեն խարանով` զրկելով նրան հաջողակ լինելու հնարավորությունից:

Կինը չպետք է դառնա հասարակության որոշած խարանի զոհն ու ստիպված լինի ողջ կյանքում ապրել զրկանքներով:

Կինը պետք է գնահատվի իր մասնագիտական գիտելիքներով ու արժանիքներով, ու կին լինելը չդիտարկվի որպես տղամարդուն կանխակալ ստորադասություն աշխատանքից հետ մնալու, լիարժեք չգնահատվելու, անձնական զրկանքներ կրելու ու մյուս հարցերում:

Պետք է բացառվի կնոջ հանդեպ հոգեբանական, ֆիզիկական կամ տնտեսական բռնությունը:

Հասարակական ու հատկապես քաղաքական-պետական կյանքում կնոջ ներգրավվածությունը պետք է համարել լուծված ոչ թե նրանով, որ բավարարված են օրենքների «չոր» տոկոսներ, այլ նրանով, թե որքան են գնահատված կանայք իրական կյանքում արհեստական ստորաբերումները բացառելու հաշվին: Կարծրատիպերից ու վախերից էլ պետք է առաջնահերթ զերծ լինի ինքը պետությունը, որ նպատակներին հասնելը դառնա դյուրին ու արագ:

Վերջապես, կանանց կյանքի հաջողության պատմությունները պետք է լինեն ոչ թե մեծագույն նվաճում, այլ վարակիչ օրինակ, կյանքի սովորական կանոն: Այս նպատակի համար ենք մենք 2016-2022թթ. արել լայնածավալ հանրային արշավներ «Դարձիր օրինակ», «Դեմ եմ բռնությանը» և այլ կարգախոսներով:

Ցավոք, բոլորս միասին անցանք համավարակի ճգնաժամով ու աղետաբեր պատերազմով, բայց դրանք ապացուցեցին` որքան բացառիկ է կնոջ նվիրումի արժեքը մարդու կյանքի փրկության, Հայրենիքի պաշտպանության ու մեր պետականության ամրության համար:
Սիրելի՛ կանայք,

Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:

Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031