«Այսօր արդեն 13-րդ օրն է, որ ռազմական գործողություններ են իրականացվում Ուկրաինայում: Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում առողջապահական համակարգը լուրջ ճնշման ներքո է: Մեր աչքի առաջ է Եվրոպայում վերջին 75 տարվա ընթացքում ամենաարագ զարգացող փախստականների ճգնաժամը»,- առցանց ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս-Հենրի Պ. Կլյուգեն:
Նա շեշտեց՝ նախ փորձում են Ուկրաինա հասցնել առաջնային առողջապահական պաշարները. «Իրականացվել են երկու բեռնափոխադրումներ դեպի Ուկրաինա՝ ընդհանուր 76 տոննա շտապ բուժօգնության պարագաներ, ինչպես նաև սառնարաններ, սառույցի տոպրակներ և այլն: Մենք ունենք 500 թթվածնային կոնցենտրատորների հետագա առաքումներ: Նաև այլ պաշարներ են ճանապարհին»:
ԱՀԿ մյուս առաջնահերթությունն է հասկանալ՝ արդյոք Ուկրաինայի հարևան պետություններն ունե՞ն բավարար ենթակառուցվածքներ բժշկական ծառայություններ մատուցել Ուկրաինայից իրենց երկրներ տեղափոխված անձանց: Դոկտոր Հանս-Հենրի Պ. Կլյուգեն հայտնեց. «Ըստ ՄԱԿ-ի փախստականների գործակալության՝ փետրվարի 24-ից ի վեր 1,7 միլիոն մարդ լքել է Ուկրաինան՝ նրանց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: Նրանք ապաստան են հայցում Եվրոպայի տարբեր երկրներում: ԱՀԿ-ն առողջապահական ծառայություններ մատուցող խմբեր է ուղարկել Հունգարիա, Հոլանդիա, Ռումինիա, Մոլդովա: Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ 80.000 կին առաջիկա երեք ամիսների ընթացքում պատրաստվում է ծննդաբերել առանց առաջին անհրաժեշտության պայմանների բավարարման»:
Դոկտոր Կյլուգեն հայտարարեց՝ ԱՀԿ-ն խստորեն դատապարտում է առողջապահական հաստատությունների վրա հարձակումները և նշեց. «Բուժաշխատողները, հիվանդանոցները և այլ բժշկական հաստատությունները երբեք չպետք է թիրախ լինեն ցանկացած հակամարտության և ճգնաժամի ժամանակ: Մինչ օրս մենք ունենք 16 հաստատված հաղորդագրություն Ուկրաինայում բուժհաստատումների վրա հարձակումների մասին: ԱՀԿ-ն խստորեն դատապարտում է հարձակումները առողջապահական հաստատությունների վրա»:
Կարդացեք նաև
ԱՀԿ ներկայացուցիչ Թարիկ Ջարասևիչն այժմ գտնվում է Ուկրաինայում՝ Լվովում: Նա հայտնեց, որ հատկապես Ուկրաինայի արևելքում առողջապահական հաստատությունները շարքից դուրս են եկել, մարդիկ չեն կարողանում ստանալ բուժօգնություն: Նա մանրամասնեց. «Հազարավոր ուկրաինացիներ այս պահին գտնվում են Ուկրաինա-Լեհաստան սահմանին: Նրանք ուզում են հատել սահմանն իրենց անվտանգությունն ապահովելու համար: Լեհաստանում առողջապահական ծառայություններ մատուցող կետեր են տեղադրվել, որոնք սպասարկում են Ուկրաինայի սահմանը հատած անձանց: Գերծանրաբեռնված են Լվովի կայարանները, քանի որ Ուկրաինայի այլ քաղաքներից այստեղ են ժամանում հազարավոր քաղաքացիներ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ