Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Պայքարե՞լ եմ, թե՞ չեմ պայքարել կոռուպցիայի դեմ»

Մարտ 08,2022 13:52

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Aravot.am-ի հետ զրույցում թվարկեց, թե բանակում, այսպես ասած, գողի ձեռքը ոնց են բռնել, ինչպես են պայքարել կոռուպցիայի, թալանի դեմ ու դրա արդյունքում ինչպես է կատարելագործվել բանակը. «Զինված ուժերը բոլոր նախարարների ժամանակ իրենց առաջընթացն ապահովել են, կատարելագործվել են, զարգացել: Կան մարդիկ նույնիսկ, որ ասում են՝ մենք պետք է վերադառնանք Վազգեն Սարգսյանի ժամանակահատվածի բանակին: Չափազանց բարձր գնահատելով Վազգեն Սարգսյանի դերը բանակաշինության գործում, խոնարհվելով նրա հիշատակի, նրա ծառայությունների առջեւ՝որպես պետականաշինությամբ զբաղված եւ ռազմական գործի մեջ մեծ ներդրում ունեցող անձնավորության, բայց եթե մենք մնայինք Վազգեն Սարգսյանի ժամանակահատվածի մակարդակի բանակ, մենք, ընդհանուր առմամբ, հետպատերազմյան տարիների մինչեւ արցախյան այս վերջին պատերազմը գոյություն չէինք ունենա: Բանակը կատարելագործվել է ու յուրաքանչյուր նախարար իր ներդրումն է ունեցել:

Այն, որ վերջին ժամանակահատվածում նախարարներին արագ-արագ փոփոխություններ են արել, ընդ որում, նրանց մեջ են ԳՇ պետը, ՊԲ հրամանատարը՝ պարտության պատճառներից մեկը նաեւ դա է: Բայց բոլոր նախարարներն էլ պայքարել են բանակում թերությունների վերացման, արատավոր երեւույթների դեմ:

Իմ ժամանակահատվածի համար ես պատասխանատվություն եմ կրում եւ ուզում եմ նշել 2 տեսանկյունից. զինված ուժերը գտնվել են քաղաքացիական վերահսկողության ներքո: Քաղաքացիական վերահսկողությունը հիմնականում իրականացրել եմ ես՝ որպես քաղաքացիական անձնավորություն, ՊՆ նախարար, թեկուզեւ նախկինում որպես զինվորական: Իրականացրել եմ երկու ուղղությամբ, առաջինը ժողովրդական վերահսկողությունն է, ՀՀ նախագահը՝ իր վերահսկողական բոլոր օրգաններով, կառավարությունը՝ իր վերահսկողական օրգաններով, ԱԺ-ն, հանձնաժողովներով, Հաշվեքննիչ (Վերահսկիչ պալատ), պալատը, ՄԻՊ-ը, ուժային բոլոր կառույցները եւ դատաիրավական ամբողջ համակարգը եւ գումարած նաեւ ՊՆ նախարարին ենթակա վերահսկողական վարչությունը, ռազմական ոստիկանությունը եւ ստեղծված տարբեր հանձնաժողովները: Երկրորդ ուղղությունը հասարակական վերահսկողությունն է, որի մեջ մասնակցություն ունեն ՀԿ-ները։ Ես ստեղծել եմ ԶՈւ-ում հասարակական խորհուրդ եւ այնտեղ նախագահ եմ առաջարկել, ընտրել են ընդդիմադիր անձնավորությանը, որ ամեն ինչ բացահայտի ու ինձ տեղեկացնի, եւ նաեւ դուք՝ ԶԼՄ-ներդ կաք»:

Այս ամենը ստեղծելով՝ այնուամենայնիվ, բանակում եղե՞լ է թալան, թե՞ ոչ՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Որտեղ որ կան նյութական, ֆինանսական միջոցներ մեր հայկական իրականության մեջ, ոչ միայն բանակում, այլ նաեւ քաղաքացիական կյանքում միշտ կա գայթակղություն հանրայինը, ընդհանուր միջոցներն օգտագործել անձնական շահերի համար: Եթե ժամանակին ձեռքից չես բռնում, ապա այդ ամենը կուտակվում է եւ վերածվում է մի մեծ կոռուպցիոն համակարգի: Իմ ժամանակ ես իմ ենթականերին այսպես եմ ասել՝ եթե դու ինքդ ես հայտնաբերում բացթողումները, ինքդ ես պարբերաբար ներկայացնում՝ փառք ու պատիվ, դա նշանակում է, որ դու պայքարում ես բացասական երեւույթների դեմ: Եթե երկար ժամանակ դու ինքդ չես աշխատում, չես հայտնաբերում, դա նշանակում է, որ դու կամ չես տեսնում այդ թերությունները, կամ համակերպվել ես այդ իրավիճակի հետ, կամ ավելի վատ՝ ինքդ ես մասնակիցը դարձել այդ կոռուպցիոն երեւույթների: Իմ ժամանակահատվածում 8,5 տարվա ընթացքում 130 հոգի գնդապետից բարձր անձնավորություններ պաշտոնից ազատվել են, որից գրեթե կեսը կոռուպցիոն ռիսկերով, քրեական գործեր են հարուցվել նրանց նկատմամբ, մի մասը հաստատվել է, մի մասը չի հաստատվել, պայքարը մղել ենք: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր 22 օրը մեկ գնդապետից բարձր ես պաշտոնյա եմ ազատել զինված ուժերում: Դա նշանակում է ես պայքարե՞լ եմ, թե՞ չեմ պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ: Ասել, թե իսպառ վերացե՞լ է կոռուպցիան, իհարկե, չի վերացել, բացթողումներ միշտ էլ կան»:

Սեյրան Օհանյանը կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի մեկ օրինակ էլ բերեց. «Իմ ղեկավարության ժամանակ ես ԳՇ պետ եմ եղել, ՊՆ նախարարի հետ որոշել ենք եւ սպաների բաշխումը ԶՈՒ-ում եղել է վիճակահանությամբ: Պլյուս դրան՝ զինծառայողների բաշխումը զինկոմիսարիատներում զորակոչի ընթացքում էլի նորից վիճակահանությամբ ենք իրականացրել, որ բացառվեն կողմնակի ազդեցություններն ու միջնորդությունները: Բայց թերություններ եղել են, այդ թերությունների դեմ պայքարում թող այսօրվա իշխանությունները շարունակեն այնպես, ինչպես եղել է նախկինում: Դա այսօր ես չեմ տեսնում»:

Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ իր ղեկավարման ժամանակ մեծ ուշադրություն է դարձրել զինծառայողների սոցիալական կարգավիճակին, խնդիրներին. «Պարզ մի բան ասեմ, երբ ես 2008-ին բանակն ընդունել եմ, բանակի տարվա բյուջեն եղել է 110 մլրդ դրամ: 2016-ին ես ավարտել եմ աշխատանքը որպես ՊՆ նախարար, բանակի բյուջեն եղել է 200 մլրդ, բայց ուղիղ 110 մլրդ-ը միայն եղել է աշխատավարձի ֆոնդը, այսինքն, այդքան մենք գրեթե կրկնակի անգամ բարձրացել ենք: Չի կարող բանակում աշխատավարձի բարձրացում լինի եւ միայն մի շերտին վերաբերվի։ Զինվորից սկսած՝մանավանդ սպայական կազմից, դասակի հրամանատարից սկած՝ բոլորի աշխատավարձը ժամանակի ընթացքում բարձրացվել է: Ես, օրինակ, ՊԲ հրամանատար եմ դարձել 2000-ին, ՊԲ-ն 6 ամիս աշխատավարձի պարտք է ունեցել: Ես հասել եմ նրան, որ միանգամից աշխատավարձը բերեն ու այդ 6 ամսվա աշխատավարձը տան: Երբ որ դու 6 ամիս աշխատում ես, ծառայում ես եւ վերադառնում ես տուն, քո կնոջ, քո երեխաների աչքերի մեջ ինչպե՞ս կարող ես նայել, երբ որ դու աշխատավարձ չես տալիս: Դրանից հետո մեկ օր անգամ աշխատավարձը ես չեմ ուշացրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի, Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ,
    Խնդրում եմ փոխանցեք Ս. Օհանյանին: Անտեսեք կոռուպցիայի մասին հարցերը:
    Կարծում եմ կոռուպցիայի դեմ պայքարը ակնհայտորեն արժեքազրկվել է վերջին օրերը տեղի ունեցածից` Ուկրաինային` երկրորդ երկիրը Եվրոպայում կոռուպցիայի աստիճանով, ոչ միայն չեն մերժել “we desrve it” կոչերը, այլ պատասխանել են` “you are one of us”: Սա առաջինը, իսկ երկրորդը այն է, որ այդ գերկոռումպաված երկիրը վայելում է միլարդավոր դոլարների ներսրկսկում և ռազմական օգնություն, որը չի ունեցել օրինակ մարդկության պատմության մեջ: Ահա այսպիսի բաներ “կոռուպցիայի” մասին: Աշխարհի հոգևոր արժեքների հենքն ինքն է կոռումպացվել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031