Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն, Ուկրաինան հացահատիկի, արեւածաղկի ձեթի հիմնական արտահանողն են․ իշխանավորների ասածն անմտություն է»․ մեդիափորձագետ

Մարտ 08,2022 13:34

«Վտանգներ կան տնտեսական առումով՝ սննդի անվտանգությունից սկսած։ ՌԴ-ն եւ Ուկրաինան հացահատիկի, յուղի, ձեթի հիմնական մատակարարներն են ԵՄ եւ ՀՀ։ Եթե այս տարի մեղմ լինի, մյուս տարում խնդիրներ են առաջանալու։ Եթե պատերազմը շարունակվի եւ գարնանացանը տապալվի, խնդիրներ լինեն»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ուկրաինա ՌԴ ռազմական ներխուժման համատեքստում ՀՀ-ին սպառնացող տնտեսական վտանգներին՝ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե Արեւմուտքը խստացնի պատժամիջոցները ՌԴ-ի հանդեպ, ապա կա հավանականություն, որ դրանք կշոշափեն Հայաստանը, քանի որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է․ «Հուսամ՝ արեւմտյան երկրներն այդքան հեռու չեն գնա։ ՀՀ-ի ջայլամային քաղաքականությունը զարմացնում է այս հարցում։ Ջայլամային քաղաքականությունը երբեք չի ողջունվել քաղաքականության մեջ»։

Aravot.am-ը հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ լրագրողներին ասում էր, թե ինչու են այդքան կենտրոնացել հացահատիկի խնդրի վրա։ Տիգրան Քոչարյանը նախ հեգնեց․ «Որովհետեւ կարիք կա մարդկության մեջ վերջին մի քանի հազար տարում հաց ուտելու, իսկ դա հացահատիկից է պատրաստվում»։ Ապա Քոչարյանը շեշտեց, որ ՌԴ-ն ցորենի խոշոր արտահանող է եւ մեզ մատակարարում է ԵՏՄ գներով․ «Երկրորդն Ուկրաինան է։ Երրորդն Արցախն էր, որի հացահատիկի արտադրության հիմնական հողատարածքները այլեւս չկան։ Հիմա ունենք այն, որ երեք հիմնական մատակարարները միայն ցորեն չեն մատակարարել, այլեւ կոմբիկեր, եւ հիմա դրանք խնդիրներ ունեն»։

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ ՌԴ-ն տեղափոխման խնդիրներ ունի, այդ կազմակերպությունները դուրս են եկել ՌԴ շուկայից, ուստի ո՞նց է հացահատիկ մատակարարվելու․ «Եթե ՌԴ-ն հացահատիկն ուղարկի Չինաստան, որը պատրաստ է ամբողջ ծավալով այն գնել, ապա ՌԴ-ին գուցե դա ձեռնտու լինի։ Ուկրաինայի դեպքում էլ հացահատիկն առաջնահերթ կգնեն նրա դաշնակիցները, հետո նոր փոքր երկրները։ Եվրոպան եւ Չինաստանն են փորձելու սկզբից իրենց շուկայի պահանջը բավարարել, եւ տակը մնում են ՀՀ-ի պես փոքր երկրները, որոնք Արցախի օրինակով զրկվել են սեփական հացահատիկից»։

Ըստ Տիգրան Քոչարյանի՝ խնդիրը կապված է նաեւ արեւածաղկի բերքի հետ, եւ ՌԴ-ն ու Ուկրաինան համարվում են հիմական արտահանողներն աշխարհում․ «Հարցական է, թե սա ինչի կհանգեցնի։ Բացի այդ, եթե հացն ու ալյուրը թանկանում են, մյուս ուղղությունները եւս թանկանում են։ Եթե կոմբիկերն ու ձկնակերը թանկանում են, կթանկանան նաեւ ձուկը, միսը։ Ուստի նման պատասխան, որ տալիս են իշխանավորները, չգիտեմ․․․առանց այդ էլ մի քրեական գործ կա իմ հանդեպ, չգիտեմ ինչ բառերով ասեմ, բայց դա մանկամտություն է, անմտություն։ Գուցե փակ քննարկում անեն, մասնագետի հրավիրեն։ Հացը բոլորս էլ ուտում ենք եւ այնպես չի, որ ուտում է միայն ընդդիմությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031