Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել, որ ես ջոկում եմ ում մոտ գնամ կամ ես այլ շահեր ունեմ՝ դա բացառվում է, ես շահ ունեմ միայն մի ընկերությունում». Վահան Քերոբյան

Մարտ 08,2022 13:25

Aravot.am- ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել էր. «Վերջին 4 տարվա ընթացքում այս երկրում ի՞նչ գործարան է բացվել, ինչ ձեռնարկություն: Փաշինյանը գնաց կտրեց Մերձավանի կենցաղային տեխնիկայի գործարանի ժապավենը, այդ գործարանը աշխատե՞ց մի օր, քանի՞ օր աշխատեց, Ադամյան հեռուստացույց էին ասում, մի քանի միավոր արտադրեցին եւ վերջ: Գնաց Վանաձորում կտրեց գազաբալոնային համակարգեր արտադրող գործարանի ժապավենը, բայց այդ գործարանն էլ չաշխատեց, կառավարությունը բան չի անում»:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հակադարձեց. «Զարմանալի է, որ Արթուր Խաչատրյանը այդ գործարանների աշխատանքը կապում է կառավարության աշխատանքի հետ, որովհետեւ կառավարության աշխատանքն է օգնել բիզնեսներին ներդրումներ անել, աշխատել եւ այլն։ Բայց, այնուամենայնիվ, ստեղծվում են բիզնեսներ, մի մասն անհաջող է լինում, մի մասը ձախողվում է, մի մասը գնվում է ուրիշ ընկերությունների կողմից, այսինքն՝ այնպես չի, որ կառավարությունը պատասխանատվություն է կրում այդ ընկերությունների ամենօրյա աշխատանքի համար: Գուցե վատ են կառավարվում, չեն աշխատում, կամ գուցե սխալ հաշվարկներով արված է, չեն գնահատել շուկայի չափերը, իրենց մրցակցային առավելությունները, թերությունները եւ ձախողվել է իրենց բիզնեսը: Մենք էլ մեր կողմից երբեմն գնում ենք տարբեր գործարանների բացմանը, կտրում ենք ժապավենը, որովհետեւ ուզում ենք մեր ներկայությամբ խրախուսել այդ ընկերություններին, մղել իրենց ավելի լավ, ստեղծագործ աշխատանքի: Մի քանի օրից ես գնալու եմ մի գործարան բացմանը, որը հաստատ կաշխատի՝ առանց իմ գնալու, բայց եթե այդպիսի խնդրանքներով դիմում են, մենք սովորաբար չենք մերժում, որովհետեւ կարեւորում ենք մեր ներկայությամբ ոգեւորելն ընկերություններին»:

Դիտարկմանը, որ սովորաբար պաշտոնյաները պատահական գործարարների արտադրամասերի բացմանը չեն գնում ու պատահական ժապավեններ չեն կտրում՝ Քերոբյանը արձագանքեց. «Ես բնականաբար մեծ շրջապատ ունեմ եւ շատերին եմ ճանաչում եւ հաճախ է պատահում, որ գնում եմ այն գործարանների բացմանը, որտեղի հիմնադիրներին նաեւ ճանաչում եմ իմ գործարար կյանքից, որովհետեւ համայնքը շատ մեծ չի եւ ես շատ շատերին եմ ճանաչում այդ ոլորտում: Բայց ասել, որ ես ջոկում եմ՝ ում մոտ գնամ կամ ես այլ շահեր ունեմ՝ դա բացառվում է: Ես շահ ունեմ միայն մի ընկերությունում, դուք գիտեք այդ ընկերությունը որն է եւ ուրիշ ոչ մի շահ չունեմ այլ ընկերության մեջ»:

Ինչ վերաբերում է Վանաձորի եւ Մերձավանի գործարաններին, Քերոբյանն ասաց, որ չգիտի այդ գործարանների ճակատագիրը, միգուցե պարզվի՝ աշխատում են, չեն ձախողել:

Արթուր Խաչատրյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքն էլ, ոտքն էլ խերով չի, գուցե դրանի՞ց է, որ որտեղ ժապավեն է կտրում՝ չեն աշխատում՝ Քերոբյանը շտապեց կտրուկ հերքել այդ վարկածը. «Չէ՛, չէ՛, Նիկոլ Փաշինյանը շատ-շատ գործարանների բացմանն է գնացել եւ դրանց մեծ մասը աշխատում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031