Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անենք հնարավորը, որ ավելի արդար աշխարհում ապրենք. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի հայտարարությունը

Մարտ 08,2022 12:56

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլի հայտարարությունը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

«Կանանց միջազգային օրը մենք վերհիշում ենք միջազգային հանրությանը դժվարությամբ տրված ձեռքբերումները հանուն աշխարհի կանանց և աղջիկների: Մենք տոնում ենք մեր հասարակություններում կանանց և աղջիկների նշանակալի ձեռքբերումները։ Եվ մենք քառապատկում ենք մեր հանձնառությունը՝ այդ ձեռքբերումները ամենուր, յուրաքանչյուր աղջկա համար հասանելի դարձնելու համար։

Այնուամենայնիվ, գենդերային հավասարության համար պայքարը դեռ ավարտված չէ: Եվ իսկապես, նույնիսկ մինչև կորոնավիրուսային համավարակը, գենդերային անհավասարությունը շարունակում էր լինել մեր ժամանակների ամենատարածված և ամենամեծ անարդարություններից մեկը։ Բայց այս անարդարությունը բազմապատկվել է՝ համավարակի ազդեցությամբ պայմանավորված։

Թևակոխելով կորոնավիրուսային համավարակի երրորդ տարին և սկսելով հետհամավարակային դարաշրջանի մեր գործունեությունը՝ պետք է անենք հնարավորը, որպեսզի վաղն ավելի արդար աշխարհում ապրենք:

ՔՈՎԻԴ-19-ը կործանում է աղջիկների կյանքը: Դպրոցների շարունակական փակումը, տնտեսական վիճակը և ծառայությունների խափանումները վտանգի տակ են դնում ամենախոցելի աղջիկների առողջությունը, բարեկեցությունը և ապագան: Համավարակից հետո աշխարհում ավելի քան 11 միլիոն աղջիկ կարող է դպրոց այլևս չվերադառնալ: Հաջորդ տասնամյակի ընթացքում լրացուցիչ 10 միլիոն անչափահաս աղջիկ պարտադրված ամուսնության վտանգի տակ է լինելու:

Քանի որ արգելափակումների պատճառով երեխաները ստիպված են ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց տներում, աղջիկներին է բաժին ընկնում տնային հոգսերի մեծ մասը: Շատերը հնարավորություն չեն ունենում հեռու լինել իրենց բռնության ենթարկողից՝ կտրված լինելով այն ծառայություններից և անձանցից, որոնք կարող են պաշտպանել նրանց: Գենդերային, այդ թվում սեռական բռնության ցուցանիշներն աճում են:

Մենք չենք կարող թույլ տալ, որ աղջիկների մի ողջ սերունդ իր ամբողջ կյանքում վճարի այս համավարակի գինը: Հետհամավարակային դարաշրջանում իրականացվող մեր աշխատանքների ճանապարհին աղջիկները պետք է լինեն համավարակի արձագանքման և հետևանքներից վերականգնման գլոբալ, ազգային և տեղական ծրագրերի կենտրոնում:

Իսկ դա նշանակում է չփակել դպրոցները, որպեսզի աղջիկները վերսկսեն կրթություն ստանալ, ինչպես նաև համապատասխան ներդրումներ անել, որպեսզի կրթությունից դուրս մնացած աղջիկները լրացնեն բաց թողածը:

Դա նաև նշանակում է ներդնել հօգուտ աղջիկների առողջության և կրթության, այդ թվում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների:

Դա նշանակում է պաշտպանել աղջիկներին բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ վնասակար այնպիսի գործելակերպերից, ինչպիսիք են անչափահաս աղջիկների ամուսնություններն ու կանանց սեռական օրգանների խեղումը:

Զորեղացած աղջիկները զորացնում են առաջխաղացումը: Աշխարհում բոլոր աղջիկները տեր են կանգնում իրենց իրավունքներին և կոչ են անում հենց այսպիսի քայլեր ձեռնարկել: Մենք պետք է ականջալուր լինենք նրանց: Համաշխարհային կայունությունը, խաղաղությունը և բարեկեցությունը կախված են դրանից:

Կանանց միջազգային օրը եկե՛ք կորոնավիրուսային համավարակի վերականգնման աշխատանքներում աղջիկներին ուղղած մոտեցում ցուցաբերելու հանձնառություն ստանձնենք, ինչը կօգնի ստեղծել ավելի արդար և հավասար հետհամավարակային աշխարհ աղջիկների համար և ավելի պայծառ, ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագա բոլորիս համար»:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031